հինգշաբթի, հունիս 4
4 / 6 / 2026
Հայաստանի գործող իշխանություններին ձեռնտու չէ գերիների վերադարձը․ Քոչարյան

Հայաստանի գործող իշխանություններին ձեռնտու չէ գերիների վերադարձը․ Քոչարյան

Հայաստանի գործող իշխանություններին ձեռնտու չէ Ադրբեջանում գտնվող գերիների վերադարձը։ Այս մասին Նոյեմբերյանի բնակիչների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Հայաստանի երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը։

Քաղաքական գործիչը վստահություն է հայտնել, որ իշխանությունները չեն զբաղվում այդ հարցով, քանի որ նրանց ձեռնտու չէ հեղինակություն ունեցող մարդկանց վերադարձը, հատկապես՝ ընտրություններից առաջ։ Նրա կարծիքով՝ իշխանությունները հավանաբար մտահոգվում են, որ նրանք կարող են համախմբել քվեարկելու իրավունք ունեցող արցախցիներին։ Քոչարյանի խոսքով՝ իշխանությունները լուրջ հնարավորություն ունեին վերադարձնելու գերության մեջ հայտնված Լեռնային Ղարաբաղի ռազմաքաղաքական ղեկավարությանը։ Որպես օրինակ նա նշել է, որ Փաշինյանը, «Թրամփի ուղու» վերաբերյալ փաստաթուղթը նախաստորագրելու համար Վաշինգտոն մեկնելիս, կարող էր այդ հարցը ներառել օրակարգում։ Քոչարյանն ընդգծել է, որ նման առիթը ձեռքից բաց թողնելը հանցագործություն էր, և նման առիթներ էլի կլինեն, բայց եթե իշխանությունները ոչինչ անել չեն ցանկանում, այդ մարդիկ կմնան այնտեղ։ Նա նաև հիշեցրել է, որ առաջին պատերազմից հետո կողմերը, Ռուսաստանի այն ժամանակվա արտգործնախարար Պրիմակովի միջնորդությամբ, գերիներին փոխանակել են «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքով։

«Հնարավոր է, որ իշխանությունները դա անում են հատուկ, իրենց պետք չի, որ Ռուբեն Վարդանյանը գա այստեղ, իրենց պետք չի, որ Բակո Սահակյանն ու Արկադի Ղուկասյանը գան Հայաստան։ Նրանք հասկանում են, որ նույն Ռուբեն Վարդանյանը հեղինակություն ունի, նրա խոսքն արժեք ունի և կարող է ինչ-որ տեղ կողքի չմնա այս պրոցեսներից»,- նշել է քաղաքական գործիչը։

  • Կիսվել: