Հայաստանի և մեր տարածաշրջանի ներդրումային գրավիտացիան ուժեղանալու է. Փաշինյանը՝ Թրիփի դերի մասին (վիդեո)
Հայաստան–Միացյալ Թագավորություն բիզնես համաժողովը շատ տրամաբանական քայլ է Հայաստանի և Միացյալ Թագավորության միջև ռազմավարական գործընկերության հաստատման հուշագիրը այս տարվա մայիսին Միացյալ թագավորության վարչապետի և իմ կողմից ընդունվելուց, ստորագրվելուց հետո։ Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 6–ին, Երևանում ընթացող համաժողովի ժամանակ նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նա, մասնավորապես, նշեց. «Նման գործընկերություն հաստատելուց հետո կառավարությունների համար առաջնային հարցը, որ ծագում է, հետևյալն է, իսկ ինչպե՞ս այդ քաղաքական կամքը, որ արտահայտվում է ընդունված փաստաթղթով, դարձնել իրականությունը։ Այս խնդիրը լուծելու ամենաարդյունավետ ճանապարհը, քաղաքական այն բովանդակությունը, որը քննարկվում է կառավարությունների միջև, առօրյա կյանքի մաս դարձնելն է, և ահա նման համաժողովները հենց այդ նպատակին են ծառայում՝ Կառավարությունների կողմից, ըստ էության, բացված տարածքը լցնել իրական կյանքով։
Այն, ինչ վերաբերվում է տնտեսությանը, տնտեսվարմանը, գործարարությանը, փորձը ցույց է տվել, որ կոնկրետ մարդիկ, որոնք կաշկանդված չեն, այդ թվում կառավարական կամ այլ պաշտոնական պարտականությունների որոշակի շրջանակով ավելի լավ են տեսնում հնարավորությունները և հեռանկարները։ Չեմ զարմանա, եթե պարզվի, որ հիմնական գաղափարը կամ գաղափարները ծագել են այն երաժշտական միջոցառման ընթացքում, որին մենք հրավիրված չենք եղել, և որը ելույթներում կարմիր թելի նման անցնում էր։ Հետևաբար միջոցառումը եղել է հաջող, և համոզված եմ, որ լավ երաժշտությունը, լավ և նորարարական մտքեր նույնպես հարուցել է, և այսօր քննարկումների ընթացքում հենց այդ մտքերը, հույս ունեմ, արդեն կթևակոխեն իրենց զարգացման հաջորդ փուլը, կդառնան կոնկրետ պայմանավորվածություններ, եթե կդառնան պայմանագրեր, շատ ավելի լավ»։
ՀՀ վարչապետը հայտարարեց, որ Հայաստանը և մեր տարածաշրջանը գտնվում են տրանսֆորմացիայի փուլում և այդ տրանսֆորմացիան իհարկե կապված է Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղության և սրանից բխող զարգացումների հետ. «Մենք հիմա ամենօրյա ռեժիմով, ըստ էության, աշխատում ենք Թրիփ նախագծի իրագործման մեկնարկը գետնի վրա տալու ուղղությամբ, որը միանշանակ և աներկբա ոչ միայն Հայաստանի Հանրապետության, այլև տարածաշրջանի ողջ տնտեսական միջավայրը փոխելու անկյունաքար է լինելու։ Արդեն իսկ այդպիսին է, որովհետև այսօր իսկ մենք զգում ենք Հայաստանի շուրջ ներդրումային գրավչության որոշակի ակտիվություն և պարզ է, որ այդ նախագիծն իր հերթին բերելու է նոր նախագծերի և ներդրումային գրավիտացիան Հայաստանի և մեր տարածաշրջանի ուժեղանալու է»։



