երեքշաբթի, մայիս 20
20 / 5 / 2025
Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների առաջ դրված է ոչ թե սահման գծելու, այլ սահմանը վերականգնելու խնդիր. Մհեր Գրիգորյան

Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների առաջ դրված է ոչ թե սահման գծելու, այլ սահմանը վերականգնելու խնդիր. Մհեր Գրիգորյան

Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման հարցով հանձնաժողովները իրենց առջև չեն  դրել սահման գծելու խնդիր, այլ դրել են սահմանը վերականգնելու խնդիր: 

Այս մասին ասաց Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստում՝ անդրադառնալով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանի հարցին:

«Երբեք չի կարելի ասել, որ մենք գնում ենք սահման գծելու: Եվ չի կարելի ասել, որ մեր լիազորությունների շրջանակը որոշելու ենք որպես մարմին, որը պետք է սահման գծի: Իհարկե, դա անհնարին է և հակասահմանադրական է առնվազն: Բայց մենք մեր առջև չենք դրել սահման գծելու խնդիր, մեր առջև դրված է սահմանը վերականգնելու խնդիր, վերականգնելու այն քարտեզների վրա, որոնք իրավական են»,-ասաց Գրիգորյանը: 

Փոխվարչապետը շեշտեց՝ քարտեզը նախ պետք է լինի տոպոգրաֆիկ, պրոֆեսիոնալ, կազմված մարմնի կողմից, որը ունեցել է նման լիազորություն, կազմված մարմնի կողմից, որը հիմք է ընդունել այն իրավական փաստաթղթերը, որոնք իմպերատիվ են եղել այն ժամանակ և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի համար:

«Ամբողջական քարտեզ գոյություն չունի: Կան քարտեզներ՝ տարբեր մասշտաբի, տարբեր ժամանակահատվածում հաստատված, տարբեր ժամանակահատվածներում հերթապահություններ անցած, այսինքն՝ ըստ էության ուժի մեջ մտած»,-ասաց Գրիգորյանը՝ հավելելով, որ 1976 թվականի ԽՍՀՄ զինված ուժերի գլխավոր շտաբի քարտեզն է, որը կազմվել է մարմնի կողմից, որը նման լիազորություն ունեցել է խորհրդային ժամանակաշրջանում: 

  • Կիսվել: