երեքշաբթի, օգոստոս 11
11 / 8 / 2026
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում նախատեսված է նաև Մոսկվայում․ Արման Եղոյան

Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում նախատեսված է նաև Մոսկվայում․ Արման Եղոյան

Պայմանավորվածություն կա նախնական, այդ պայմանավորվածությամբ հանդիպում պետք է լինի նաև Մոսկվայում: Այդ մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում անդրադառնալով Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումներին՝ ասաց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը:

«Մի քանի հանդիպում տեղի է ունենալու՝ կախված բանակցության բովանդակությունից: Հայկական կողմը հնարավոր առավելագույնի սպասելիքներ ունի բանակցություններից»,- ասաց նա:

Պատգամավորը տեղեկացրեց, որ բանակցություններն անդրադառնալու են հայ-ադրբեջանական հարաբերությունների ամբողջ սպեկտրին: «Արվելու է ամեն ինչ՝ չլուծված բոլոր հարցերով համաձայնության հասնելու համար. հայկական կողմը՝ իր համար շահավետ լուծման, իրենք էլ, բնականաբար, իրենց»,- ասաց Եղոյանը:

Նրա խոսքով՝ հայկական կողմն ամեն ինչ անում է, որ կայանա Բաքու-Ստեփանակերտ երկխոսությունը, և Ստեփանակերտը հանդես գա որպես սուբյեկտ:

«Հայկական կողմը շարունակում է պնդել, որ բանակցությունների ընթացքում տեսանելի մեխանիզմներ լինեն Բաքու-Ստեփանակերտ երկխոսության համար: «Եթե չլինեն այդ տեսանելի մեխանիզմները, կունենանք այն խնդիրները, որ ունենք Երևան-Բաքու խոսակցության մեջ»,- նշեց Արման Եղոյանը:

Խոսելով պայմանագրի կատարումն ապահովող երաշխիքների մասին՝ նա ասաց հետևյալը. «Արդեն այն, որ բանակցությունները տեղի են ունենում Վաշինգտոնում, ենթադրում է երաշխիքների որոշակի համակարգ, ինչպես նաև, եթե տեղի ունենային Մոսկվայում: Մենք կարծում ենք, որ առանց միջազգային ամուր երաշխիքների համակարգի՝ որևէ պայմանագիր չի կարող գործել»: 

 

  • Կիսվել: