Հաշվի առնելով աղետները, կա՞ ծրագիր՝ հին շենքերը նորերով փոխարինելու. Խաչատուր Սուքիասյան\
ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը փորձեց ճշտել, թե արդյոք կան ծրագրեր, կազմակերպություններ, ինչպես նաև հաշվարկներ՝ կապված ՀՀ-ում այն շենքերի հետ, որոնք կառուցվել են Խորհրդային Միության ժամանակ և որոնց օգտագործման ժամկետը լրանում է՝ հաշվի առնելով տարածաշրջանի սեյսմիկ ակտիվ գոտում լինելը։
Նա Կառավարությանը հարց հնչեցրեց, թե պատրաստվում են արդյոք նման հաշվարկ անել և այնպիսի կառույց ստեղծել, որը կզբաղվի հին շենքերը նորերով փոխարինելով։
Հարցին ի պատասխան՝ Գնել Սանոսյանը նշեց, որ սա բավականին կարևոր հարց է, ոչ միայն վերջին իրադարձությունների հետ կապված, քանի որ տարածաշրջանը նման վտանգով լի է։ «Մեր գլխավոր խնդիրը կայանում է նրանում, որ կառուցած շենք-շինությունների հզորությունը և հետագա ուսումնասիրությունները որոշակիորեն չեն համընկնում։ Նախկինում կարծիք է եղել, որ հիմնական ուժգնությունը մեր տարածքում առավելագույնը 7 բալ կարող է լինել, սակայն Սպիտակի դեպքերը ցույց տվեցին, որ ավելի մեծ ուժգնության երկրաշարժեր կարող են լինել։ Ստացվում է՝ մեր շենքերն այդ ստանդարտներին որոշակի անհամապատասխանություն ունեն, ինչպես նաև խնդիր է տարիքը, մաշվածությունը»,- նշեց Սանոսյանը՝ հավելելով, որ այդ ուղղությամբ իրավական փոփոխություններ կան։
Սուքիասյանը հավելեց․ «Շենքերը Խորհրդային Միության ժամանակ են կառուցվել և պետք է որոշակի ժամանակ տրվի դրանք նորերով փոխարինելու։ Կա՞ այդպիսի ծրագիր։ Շենքեր կան, որոնք 50 տարի գոյություն ունեն, նրանց ժամկետը մոտենում է իր սպառմանը, դրանց փոխարինման ի՞նչ ծրագրեր ու գործիքներ ունենք»։
Սանոսյանը պատասխանեց, որ այժմ խոշոր ծրագրեր կան, Երևանի քաղաքապետարանը առաջարկում է կառուցապատողներին իրականացնել ծրագիր, որով վթարային շենքերը կքանդեն և նորը կկառուցեն, որտեղ առաջնային բնակարան կհատկացնեն նախկին շենքերում ապրող հայրենակիցներին։
«Այսպեսի ծրագրեր Երևանում բավականին մեծ քննարկման շրջանակներում են, առավել ակտիվ է Աջափնյակի ծրագիրը»,- եզրափակեց Սանոսյանը։


