հինգշաբթի, հուլիս 30
30 / 7 / 2026
Հարավային Կովկասում խաղաղության նոր դարաշրջան է ձևավորվում. Հայաստանում ՉԺՀ դեսպան

Հարավային Կովկասում խաղաղության նոր դարաշրջան է ձևավորվում. Հայաստանում ՉԺՀ դեսպան

Մենք ուրախությամբ տեսնում ենք, թե ինչպես է Հարավային Կովկասում ձևավորվում խաղաղության, համագործակցության և փոխկապակցվածության նոր դարաշրջան։ Անկեղծորեն Հայաստանին հաջողություն ենք մաղթում՝ խաղաղության, կայունության, զարգացման և բարգավաճման իր տեսլականի իրականացման գործում։ Դրա մասին հուլիսի 30-ին Չինաստանի ժողովրդա-ազատագրական բանակի կազմավորման 99-րդ տարեդարձի կապակցությամբ պաշտոնական ընդունելության ժամանակ հայտարարել է Հայաստանում ՉԺՀ արտակարգ և լիազոր դեսպան Լի Սինվեյը։

Չինական դիվանագիտական առաքելության ղեկավարը մաղթել է նաև Հայաստանի նոր Ազգային ժողովին և կառավարությանը հաջող ձևավորում և արդյունավետ աշխատանք, երկու երկրներին՝ բարգավաճում, իսկ նրանց զինված ուժերի միջև՝ հավերժական բարեկամություն։

«Չինաստանի բանակն իր առաքելությունն է համարում ոչ միայն ազգային անվտանգությունը, այլև ամբողջ աշխարհում խաղաղության պահպանումն ու պատերազմների կանխումը։ Ունենալով հզոր ներուժ՝ մենք հավատարիմ ենք մնում ուժ չկիրառելու սկզբունքին և միջուկային զենքը առաջինը չկիրառելու քաղաքականությանը»։

Իր ելույթում դեսպանն առանձնապես ընդգծել է Չինաստանի ժողովրդա-ազատագրական բանակի մասնակցությունը ՄԱԿ-ի խաղաղապահ գործողություններին, միջազգային աղետների հետևանքների վերացմանը և հումանիտար օգնության ցուցաբերմանը՝ ընդգծելով Պեկինի ձգտումը կառուցելու համատեղ ապագա և համաշխարհային հանրության հետ միասին դիմակայելու գլոբալ մարտահրավերներին։

Նյութը՝ news.am-ի:

  • Կիսվել: