հինգշաբթի, հունիս 4
4 / 6 / 2026
ՀԱՊԿ-ին Հայաստանի անդամակցության սառեցումը կարող է հանգեցնել Կազմակերպությանն անդամակցության լիակատար դադարեցման. ԱԳՆ

ՀԱՊԿ-ին Հայաստանի անդամակցության սառեցումը կարող է հանգեցնել Կազմակերպությանն անդամակցության լիակատար դադարեցման. ԱԳՆ

ՀԱՊԿ-ին Հայաստանի անդամակցության սառեցումը, իհարկե, կարող է հանգեցնել կազմակերպությանն անդամակցության լիակատար դադարեցման, ԵՄ-ին անդամակցությունը չի կարող համատեղելի լինել ԵԱՏՄ-ին անդամակցության հետ, և, երբ գա որոշում ընդունելու ժամանակը, մենք այդ որոշումը կընդունենք։ Այս մասին հունիսի 2-ին Հանրայիյն ալիքի  ուղիղ եթերում նախընտրական բանավեճի ժամանակ հայտարարել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավորի թեկնածու, Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։

Նա, մասնավորապես, նշել է. «Եթե հանրաքվեի անհրաժեշտություն լինի, մեզ պետք չէ կողքից հուշել, մենք այն կանցկացնենք, երբ դա հնարավոր և հարմար կլինի»:

ԱԳ նախարարը հավելել է, որ Հայաստանը կարող է և պետք է լինի կամուրջ Արևմուտքի և Արևելքի միջև։

Նրա խոսքով՝ Հայաստանը խորացնում է հարաբերությունները տարբեր գործընկերների հետ՝ Արևմուտքից մինչև Արևելք։ «Այո, մեր ժողովուրդը քաղաքացիական նախաձեռնությամբ հայտնել է իր ցանկությունը՝ կապված Եվրամիությանն անդամակցելու հետ, և դա արտահայտված է օրենքով»։

«Ինչ վերաբերում է միջանկյալ ժամանակահատվածին, կարճաժամկետ և երկարաժամկետ սպառնալիքների հարցի լուծմանը, ապա մենք չենք խորացնում թշնամանքը մեր անմիջական հարևանների հետ, որպեսզի ապահովենք մեծ եղբոր մշտական ներկայությունը Հայաստանը պաշտպանելու համար, այլ խաղաղություն և գործընկերություն ենք կառուցում մեր չորս հարևանների հետ»,-ասել է Միրզոյանը և ընդգծել՝ հենց դա է հարատև խաղաղության երաշխիքը։

  • Կիսվել: