շաբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2025
Հակոբ Արշակյանը Կատարի Շուրա խորհրդի փոխնախագահի հետ քննարկել է տարածաշրջանային զարգացումները

Հակոբ Արշակյանը Կատարի Շուրա խորհրդի փոխնախագահի հետ քննարկել է տարածաշրջանային զարգացումները

ՀՀ ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը հանդիպել է Կատարի Շուրա խորհրդի փոխնախագահ Համդա Բինթ Հասան Ալ Սուլաիթիի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԺ-ից։

Կողմերը քննարկել են տարածաշրջանային զարգացումներն ու Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության օրակարգը: Հանդիպման ընթացքում Հակոբ Արշակյանը խոսել է Կատար կատարած իր այցի մասին՝ նշելով հաճելի հիշողությունները և ընդգծելով երկու երկրների միջև երկկողմ հարաբերությունների բարձր մակարդակը: Նա նաև Շուրա խորհրդի փոխնախագահին հրավիրել է այցելել Հայաստան:

Համդա Բինթ Հասան Ալ Սուլաիթին հայտնել է Կատարի հաստատակամ հանձնառությունը՝ աջակցելու խաղաղության հաստատման ջանքերին:

«Առանց խաղաղություն՝ զարգացում չի կարող լինել»,- նշել է նա:

Քննարկումների ընթացքում ընդգծվել է երկու երկրների ընդհանուր հանձնառությունը տարածաշրջանային կայունությանն ու երկարաժամկետ համագործակցությանը: Պատվիրակության կազմում հանդիպմանը մասնակցել են Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արսեն Թորոսյանը, ԱԺ պատգամավոր Հասմիկ Հակոբյանը և ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Դավիթ Առաքելյանը:

 

  • Կիսվել: