երեքշաբթի, օգոստոս 4
4 / 8 / 2026
Հակակոռուպցիոն կոմիտեն ընտրական գործընթացի նկատմամբ իրականացնելու է մշտադիտարկում և վերահսկողություն

Հակակոռուպցիոն կոմիտեն ընտրական գործընթացի նկատմամբ իրականացնելու է մշտադիտարկում և վերահսկողություն

Հակակոռուպցիոն կոմիտեն հայտարարություն է տարածել, որում մասնավորապես ասվում է.

«ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն տեղեկացնում է, որ ՀՀ Սյունիքի մարզպետի՝ 2026 թվականի օգոստոսի 3–ի թիվ 364–Ա որոշման համաձայն՝ նույն մարզի Գորիս և Մեղրի համայնքներում, իսկ ՀՀ Լոռու մարզպետի՝ 2026 թվականի օգոստոսի 4–ի թիվ 590–Ա և 591–Ա որոշումների համաձայն՝ նույն մարզի Ստեփանավան և Ֆիոլետովո համայնքներում նշանակվել են հերթական ընտրություններ։

ՀՀ քրեական օրենսգրքի 221–րդ հոդվածի համաձայն՝ ընտրությունների նշանակման որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից մինչև ընտրությունների արդյունքների ամփոփումը թեկնածուի, կուսակցության (կուսակցությունների դաշինքի) անդամի կամ լիազորված անձի, վստահված անձի կողմից անձամբ կամ նրանց (այդ թվում՝ կուսակցության կամ դաշինքի) անունից կամ որևէ այլ եղանակով կամ բարեգործության անվան տակ ընտրողներին անհատույց կամ արտոնյալ պայմաններով որևէ գույք տալը (խոստանալը) կամ ծառայություններ մատուցելը (խոստանալը) կամ բարեգործության հետ միաժամանակ նախընտրական քարոզչություն իրականացնելն առաջացնում է քրեական պատասխանատվություն։

Միևնույն ժամանակ, Հակակոռուպցիոն կոմիտեն իրազեկում է, որ իրեն վերապահված լիազորությունների և գործիքակազմի ամբողջ ծավալով, գործընկեր իրավապահ մարմինների հետ համատեղ, ընտրական գործընթացի նկատմամբ իրականացնելու է մշտադիտարկում և վերահսկողություն՝ հորդորելով զերծ մնալ բարեգործության արգելքը խախտող որևէ անօրինական գործողությունից՝ պարզաբանելով, որ օրենքով սահմանված պահանջների ցանկացած խախտում արժանանալու է համարժեք և խիստ իրավական արձագանքի»։

  • Կիսվել: