Գլխավոր դատախազը սպառնացել է Սամվել Ֆարմանյանի նկատմամբ գործ հարուցել
Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը Սամվել Ֆարմանյանի հետ հեռախոսազրույցում սպառնացել է նրան գործ հարուցել իր դեմ: Այս մասին Primenews.am-ի հետ զրույցում հայտնեց հենց ինքը՝ Ֆարմանյանը:
Հարցին, թե ի՞նչ հոդվածով կամ ի՞նչ հիմնավորմամբ՝ Ֆարմանյանը պատասխանեց Ստալինի բառերով. «Был бы человек, статья найдется»:
Նա նաև հավաստիացրեց, որ գաղափար անգամ չունի, թե ինչ նյութեր են պատրաստվում իր դեմ, կամ ինչ մեղադրանք կառաջադրվի իրեն:
«Գիտեք, այնպիսի ժամանակներում ենք ապրում, որ ամեն ինչ հնարավոր է»,-եզրափակեց նա:
Նշենք, որ երեկ Սամվել Ֆարմանյանը պատմել էր, թե ինչպես է շոգեբաղնիքում իրեն մոտեցել մի քննիչ և նախազգուշացրել, որ իր քրոջը՝ Անահիտ Ֆարմանյանին, նորից պետք է կալանավորեն:
Այս գրառումից հետո ՀՔԾ-ը հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ նշված է.
«…Ս. Ֆարմանյանի հիշյալ գրառման առնչությամբ անհրաժեշտ ենք համարում նախևառաջ փաստել, որ այն քննիչը, որի վարույթում գտնվում է Անահիտ Ֆարմանյանի վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործը, առհասարակ չի ճանաչում Սամվել Ֆարմանյանին և նրա հետ երբևիցե որևէ շփում չի ունեցել…
… եթե Սամվել Ֆարմանյանը կարծում է, որ Անահիտ Ֆարմանյանին կալանավորելու հաշվին կարող է քաղաքական դիվիդենդներ ձեռք բերել, ապա պետք է հիասթափեցնենք նրան, քանի որ վստահեցնում ենք, որ ՀՀ հատուկ քննչական ծառայության նպատակն ամենևին էլ Ա. Ֆարմանյանի նկատմամբ անազատության հետ կապված խափանման միջոց ընտրելը չէ: Կրկին անգամ վերջինիս հորդորում ենք ներկայանալ վարույթն իրականացնող մարմնին, հակառակ դեպքում, գործող իրավակարգավորումների շրջանակում, նախաքննական մարմինը կարող է ստիպված լինել Ա. Ֆարմանյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը փոփոխելու և կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդությամբ դիմել դատարան»:
Հիշեցնենք, որ Ս. Ֆարմանյանի քույրը մեղադրվում է առանձնապես խոշոր չափերով խարդախություն կատարելու համար: