Գլխավոր դատախազությունն արձագանքել է Սամվել Ֆարմանյանի հայտարարությանը
Գլխավոր դատախազությունն արձագանքել է Սամվել Ֆարմանյանի հայտարարոթյանն առ այն, որ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը սպառնացել է նրա նկատմամբ գործ հարուցել։
Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանն այս առնչությամբ իր ֆեյսբուքյան էջում մասնավորապես գրել է.
«Սամվել Ֆարմանյանի կողմից ֆեյսբուքյան գրառմամբ արվել են ենթադրաբար ՀՔԾ քննիչի հնարավոր գործողությունների մասին հայտարարություններ, որոնք իրավական գնահատականի են արժանի։ ՀՀ ոստիկանությունում գրառման փաստով նախապատրաստվում են նյութեր, որոնց շրջանակներում կպարզվեն դրանում նշված անձի ինքնությունը, դեպքի հանգամաները։ Արդյունքների մասին պատշաճ կտեղեկացվի։ Եթե դրանց բացահայտման նպատակով գլխավոր դատախազի ՀԱՐՑԱԴՐՈՒՄՆԵՐԸ պարոն Ֆարմանյանն ընկալել է որպես սպառնալիքներ, դա ընդամենը վկայում է նրա վառ երևակայություն ունենալու և իսկապես իրականության զգացողությունը կորցրած լինելու մասին։ Նախ՝ սպառնալիքներ հնչեցնելը հարիր չէ գլխավոր դատախազի կարգավիճակին և երկրորդ՝ այն բացարձակ անիմաստ և անտրամաբանական է»։
Նշենք, որ PrimeNews-ի հետ զրույցում Ֆարմանյանը հայտնել էր, որ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն իր հետ հեռախոսազրույցում սպառնացել էր իր դեմ գործ հարուցել: Մեր հարցին, թե ի՞նչ հոդվածով կամ ի՞նչ հիմնավորմամբ՝ Ֆարմանյանը պատասխանել էր Ստալինի բառերով. «Был бы человек, статья всегда найдется»: Նա նաև հավաստիացրել էր, որ գաղափար անգամ չունի, թե ինչ նյութեր են պատրաստվում իր դեմ, կամ ինչ մեղադրանք կառաջադրվի իրեն:
Հիշեցնենք, որ երեկ Սամվել Ֆարմանյանը պատմել էր, թե ինչպես է շոգեբաղնիքում իրեն մոտեցել մի քննիչ և նախազգուշացրել, որ իր քրոջը՝ Անահիտ Ֆարմանյանին, նորից պետք է կալանավորեն:
Այս գրառումից հետո ՀՔԾ-ը հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ նշված է.
«…Ս. Ֆարմանյանի հիշյալ գրառման առնչությամբ անհրաժեշտ ենք համարում նախևառաջ փաստել, որ այն քննիչը, որի վարույթում գտնվում է Անահիտ Ֆարմանյանի վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործը, առհասարակ չի ճանաչում Սամվել Ֆարմանյանին և նրա հետ երբևիցե որևէ շփում չի ունեցել…
… եթե Սամվել Ֆարմանյանը կարծում է, որ Անահիտ Ֆարմանյանին կալանավորելու հաշվին կարող է քաղաքական դիվիդենդներ ձեռք բերել, ապա պետք է հիասթափեցնենք նրան, քանի որ վստահեցնում ենք, որ ՀՀ հատուկ քննչական ծառայության նպատակն ամենևին էլ Ա. Ֆարմանյանի նկատմամբ անազատության հետ կապված խափանման միջոց ընտրելը չէ: Կրկին անգամ վերջինիս հորդորում ենք ներկայանալ վարույթն իրականացնող մարմնին, հակառակ դեպքում, գործող իրավակարգավորումների շրջանակում, նախաքննական մարմինը կարող է ստիպված լինել Ա. Ֆարմանյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը փոփոխելու և կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդությամբ դիմել դատարան»:
Նշենք, որ Ս. Ֆարմանյանի քույրը մեղադրվում է առանձնապես խոշոր չափերով խարդախություն կատարելու համար: