չորեքշաբթի, օգոստոս 12
12 / 8 / 2026
Գլխավոր դատախազն այցելել է Սևանա լճի ապամոնտաժված շինությունների տարածքներ և տվել է հանձնարարականներ

Գլխավոր դատախազն այցելել է Սևանա լճի ապամոնտաժված շինությունների տարածքներ և տվել է հանձնարարականներ

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը, Գեղարքունիքի մարզի դատախազ Գագիկ Այվազյանի ուղեկցությամբ, 2026 թվականի օգոստոսի 11-ին այցելել է Սևանա լճի բացարձակ նիշից ցածր գտնվող՝ ապամոնտաժված շենք-շինությունների տարածքներ և մի շարք հանձնարարականներ տվել մարզի դատախազին:

Հանձնարարականները, ի թիվս այլնի, վերաբերել են՝

Ø  ապօրինի կառուցված շենք-շինությունների աշխատանքները լողափնյա սեզոնի ավարտից հետո վերսկսելուն,

Ø  ապօրինի կառուցված մի շարք առանձնատներ պետությանը վերադարձնելու նպատակով դատարաններ ներկայացված հայցերի շրջանակներում Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման և պետական շահերի պաշտպանության վարչությունների հետ աշխատանքները շարունակելուն,

Ø  վերոնշյալ հայցերից բացի, Սևանի ափամերձ տարածքներում գտնվող ապօրինի կառուցված այլ գույքերի վերաբերյալ նոր հայցեր ներկայացնելուն,

Ø  ապօրինի կառուցված շենք-շինությունների ապամոնտաժման արդյունքում բացազատված տարածքները հանրային բարիք դարձնելու, այդ թվում՝ հանրային լողափեր ստեղծելու հնարավորությունը քննարկելուն,

Ø  ապօրինի կառուցված շենք-շինությունների ապամոնտաժման արդյունքում բացազատված տարածքներում դեռևս առկա ոչ հիմնական շինությունները (վագոն-տնակներ, երկաթյա կառուցվածքներ և այլն) հեռացնելու աշխատանքների կատարման նպատակով միջնորդագրեր ներկայացնելուն,

Ø  «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի կողմից ֆիզիկական և իրավաբանական անձանց հետ կնքված այն պայմանագրերի լուծման նպատակով միջնորդագրեր ներկայացնելուն, որոնք այլևս չեն համապատասխանում գործող օրենսդրությանը:

Գագիկ Այվազյանը ՀՀ գլխավոր դատախազին տեղեկացրել է, որ Դատախազության միջնորդագրերի կատարման արդյունքում, 2025 թվականի դեկտեմբերից մինչև 2026 թվականի հուլիսի 1-ն ընկած ժամանակահատվածում, Սևանա լճի ափամերձ՝ բացարձակ նիշից ցածր 68 հողամասերում ապամոնտաժվել (քանդվել) է ապօրինի կառուցված՝ հիմնական և ոչ հիմնական 201 շենք-շինություն, «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի կողմից լուծվել (դադարեցվել) է 2 պայմանագիր:

Հիշեցնենք, որ Դատախազությունը 2025 թվականի դեկտեմբերի 11-ին հայտարարել էր, որ մեկնարկել են Սևանա լճի ափամերձ տարածքներում՝ բացարձակ նիշից ցածր հողամասերում ապօրինի կառուցված շենք-շինությունների ապամոնտաժման աշխատանքները: Դատախազությունը միաժամանակ տեղեկացրել էր, որ ապօրինի շինությունների քանդման աշխատանքները շարունակվելու են 2026 թվականին:

Դատախազի միջնորդագրերի հիման վրա, ի թիվս այլնի, ապամոնտաժվել են՝

Ø  ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանին փաստացի պատկանող առանձնատան՝ բացարձակ նիշից ցածր հատվածում գտնվող պարիսպները և թեքահարթակը (Դատախազությունն առանձնատան վերաբերյալ հայց է ներկայացրել իրավասու դատարան),

Ø  ՀՀ Ազգային ժողովի նախկին նախագահ Սամվել Նիկոյանի որդու կողմից ապօրինի կառուցված առանձնատունը,

Ø  ՀՀ կրթության և գիտության նախկին նախարար Արմեն Աշոտյանի եղբոր կողմից ապօրինի կառուցված քոթեջը,

Ø  Գեղարքունիքի նախկին մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանի որդու՝ Կարեն Ռաֆիկի Գրիգորյանի կողմից ապօրինի կառուցված քոթեջը,

Ø  ՀՀ ոստիկանության նախկին պետ Վլադիմիր Գասպարյանի կողմից ապօրինի կառուցված Սևանի առանձնատան՝ բացարձակ նիշից ցածր հատվածում գտնվող պարիսպը, բետոնե հենապատերը, թեքահարթակը և այլ շինություններ (Դատախազությունը, ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման հայցով, ի թիվս այլնի, պահանջում է Վլադիմիր Գասպարյանից ու նրան փոխկապակցված անձանցից բռնագանձել այս առանձնատունը):

Հիշեցնենք, որ վերոնշյալ միջնորդագրերից բացի, Դատախազության կողմից դատարան են ներկայացվել հայցեր, որոնք, ի թիվս այլոց, վերաբերում են.

Ø  Ոստիկանության նախկին պետ Վլադիմիր Գասպարյանի կողմից ապօրինի կառուցված Սևանի առանձնատանը (Գեղարքունիքի մարզի Դրախտիկ համայնքի 1-ին փողոց 97 հասցե),

Ø  «Հարսնաքար» հյուրանոցի վարչական համալիրին (Սևան քաղաքի Երևանյան խճուղի 50 հասցե), «Հարսնաքար» հյուրանոցի քոթեջներին (Սևան քաղաքի Երևանյան խճուղի 48/6 հասցե),

Ø  Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ, ՀՀ Ազգային ժողովի նախկին պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի կողմից ապօրինի կառուցված Սևանի առանձնատանը (Սևան քաղաքի Հանգստի գոտի 3-րդ փողոց 38 հասցե),

Ø  ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի կողմից ապօրինի կառուցված Սևանի առանձնատանը (Գեղարքունիքի մարզի Դրախտիկ համայնքի 1-ին փողոցի 71 հասցե),

Ø  «Կապավոր» ՍՊ ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Արման Հակոբջանյանի կողմից ապօրինի կառուցված Սևանի առանձնատանը (Գեղարքունիքի մարզի Դրախտիկ համայնքի 1-ին փողոց 88 հասցե):

Ø  «Հայաստանի նկարիչների միություն» ՀԿ-ի Գեղարքունիքի մարզի Շորժա բնակավայրում գտնվող` «Նկարիչ» ստեղծագործական տան 432.5 քմ մակերեսով պանսիոնատի շենքին և 909,1 քմ, 39,1 քմ, 176,1 քմ, 129,6 քմ, 102,7 քմ, 35քմ, 430 քմ մակերեսով շինություններին,

Ø  «Հայաստանի գրողների միություն» ՀԿ-ի «Սևան» ստեղծագործական տան՝ 918,34 քմ մակերեսով շինությանը և 7763 քմ մակերեսով հողամասին,

Ø  «Մուլտի գրուպ կոնցեռնի»-ի 0,2990 հա մակերեսով հողամասին, 425,12 քմ մակերեսով շինությանը և 25 քմ մակերեսով անգար նավակայանին:

Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության և Գեղարքունիքի մարզի դատախազության կողմից պետական շահերի պաշտպանության հայց հարուցելու լիազորության շրջանակներում կատարված ուսումնասիրությունների արդյունքում, հանցագործության մասին հաղորդումներ են ուղարկվել նախաքննական մարմիններ, նախաձեռնվել են քրեական վարույթներ:

Դատախազությունը 2026 թվականի մայիսի 12-ին, հուլիսի 6-ին և 7-ին տեղեկացրել էր նաև, որ Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունը միջնորդագրեր է ուղարկել «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի (այսուհետ՝ ՊՈԱԿ) տնօրենին և Շրջակա միջավայրի նախարարության գլխավոր քարտուղարին՝ ՊՈԱԿ-ի և Նազիկ Ամիրյանի միջև, ՊՈԱԿ-ի և Վարշամ Ղարիբյանի միջև, ՊՈԱԿ-ի և Արայիկ Հայրապետյանի միջև, ՊՈԱԿ-ի և «Ռաֆիկ և Գոռ Գասպարյաններ» ՍՊԸ-ի միջև, ՊՈԱԿ-ի և «Սեդրակյան Հուսիկ և ընկերներ» ՍՊԸ-ի միջև, ՊՈԱԿ-ի և Խոսրով Ավետիսյանի միջև կնքված՝ Սևանա լճի ափամերձ հողամասերի վարձակալության կամ կառուցապատման իրավունքը դադարեցնելու ուղղությամբ միջոցներ ձեռնարկելու վերաբերյալ:

Ի պատասխան քաղաքացիների այն մտահոգության, թե «ինչո՞ւ եք ապամոնտաժում շենքը, եթե այն կարելի է տալ սոցիալապես անապահով ընտանիքներին», տեղեկացնենք, որ Սևանա լճի 1905.0 մետր բացարձակ նիշից ցածր տարածքները հանդիսանում են ջրածածկման ենթակա և ափամերձ պահպանության գոտի։ Կառավարության՝ 2008 թվականի դեկտեմբերի 18-ի 1563-Ն որոշմամբ սահմանված է, որ Սևանա լճի մակարդակի բարձրացման հետևանքով` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված ջրածածկման և ողողման ենթակա տարածքները ներառում են «Սևան» ազգային պարկի լճի ջրային սահմանից մինչև 1905.0 մետր բացարձակ նիշը:

Այսպիսով՝ ապամոնտաժվող կառույցներն «այլ նպատակով փոխանցելու» առաջարկներն իրավական հիմք չունեն, քանի որ՝

Ø  Դրանք գտնվում են ջրածածկման ռիսկի ներքո և կարող են հայտնվել ջրի տակ,

Ø  Դրանց նկատմամբ սեփականության որևէ իրավունք չի կարող գրանցվել. արգելված է ՀՀ օրենսդրությամբ,

Ø  Դրանց գոյությունը վնասում է Սևանա լճի էկոհամակարգը, լճի մաքրությունն ու ջրի որակը:

  • Կիսվել: