չորեքշաբթի, նոյեմբեր 25
25 / 11 / 2026
Գերմանիայի ԱԳՆ պատվիրակությունը այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Գերմանիայի ԱԳՆ պատվիրակությունը այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Գերմանիայի ԱԳ նախարարության Արևելյան Եվրոպայի, Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի հարցերով քաղաքական տնօրեն Նիկլաս Վագների գլխավորած պատվիրակությունը նոյեմբերի 24-ին այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր: Այս մասին տեղեկացնում են Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտից:

Հյուրերին դիմավորել և այցի ընթացքում ուղեկցել է ՀՑԹԻ տնօրենի պաշտոնակատար Հրաչյա Թաշչյանը: Նա հյուրերին պատմել է Հայոց ցեղասպանության որոշ դրվագների մասին, տեղեկատվություն է ներկայացրել հուշահամալիրի, ինչպես նաև թանգարան-ինստիտուտի և նրա գործունեության մասին:

Գերմանիայից ժամանած պատվիրակության անդամները ծաղիկներ են խոնարհել անմար կրակի մոտ՝ հարգանքի տուրք մատուցելով Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։ Նրանք շրջել են Հայոց ցեղասպանության թանգարանում, որտեղ ծանոթացել են թանգարանի մշտական և ժամանակավոր ցուցադրություններին: Շրջայցի ավարտին պատվիրակության ղեկավարը գրառում է կատարել Պատվավոր հյուրերի հուշամատյանում։ Վերջում ՀՑԹԻ տնօրենի պաշտոնակատար Հրաչյա Թաշչյանը շնորհակալություն է հայտնել այցելության համար և պարոն Նիկլաս Վագներին նվիրել է Հայոց ցեղասպանության թանգարանի պատկերագիրքը:

  • Կիսվել: