Գագիկ Խաչատրյանի ու Հովիկ Աբրահամյանի առանձնատները կոռուպցիայի հուշարձան են Երևանի կենտրոնում. Արթուր Հովհաննիսյան
Նախորդ շաբաթվանից քննարկում ենք դատախազության զեկույցը և ականատես ենք մի հետաքրքիր տեսարանի նաև, այսպես ասած, վիզուալիզացիայի։ Այս մասին այսօր՝ մայիսի 12–ին, ԱԺ–ում հայտարարեց ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը։
«Ապօրինի գույքի բռնագանձման գործընթացը բնականոն ճանապարհով ընթանում է և շուրջ 600 միլիոն դոլարի հասնող դրամական միջոցներ և գույքեր արդեն վերականգնվել են և միլիարդավոր դոլարների գույքեր ու դրամական միջոցներ էլ քննության և գնահատման փուլում են։
Ահա Ազգային ժողովում ինձանից ձախ նստած է, այսպես ասած, հայցվոր կողմը՝ ՔՊ–ն, ի դեմս ՀՀ քաղաքացու և ժողովրդի, պատասխանող կողմը՝ «Հայաստան» խմբակցությունը և «Պատիվ ունեմ» խմբակցությունը՝ ի դեմս Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի և նրանց մերձավոր շրջանակների և գլխավոր դատախազը՝ ի դեմս ՀՀ քաղաքացու ներկայացուցչի և նրա զեկույցը, որտեղ արդեն մենք տեսնում ենք մեր քաղաքական հանձնառության արդյունքները թվերով։
Այդ թվերը ձևավորվել են բացառապես իրավական և ինստիտուցիոնալ ճանապարհով։ Այսինքն, մենք չենք գնացել վենդետաների ունեցվածք խլելու, մեջ-մեջ անելու ճանապարհով, մենք ստեղծել ենք մեխանիզմ, որը չի ճանաչում անուն-ազգանուններ, տարեթվեր, պաշտոններ և ծանոթներ»,–ասաց նա։
Արթուր Հովհաննիսյանը հայտարարեց, որ բնակչության մեծ մասը իշխանություններից պահանջում է բռնել մի շարք մարդկանց. «Այս ցուցակում առաջինները բնականաբար Ռոբերտ Քոչարյանը և Սերժ Սարգսյանն են, բայց այս դահլիճում էլ կգտնենք մարդկանց, որոնք ըստ էության, թոփ 10-ում են։ Բայց մենք չենք գնացել և չենք գնալու սեփական քմահաճույքով գույքեր խլելու, առանց որևէ իրավունքի հիմքի մարդկանց բռնելու, ունեզրկելու ճանապարհով, երկիրը չենք տանելու կործանման, որովհետև դա կլինի ինքնաոչնչացման ամենաուղիղ և ամենակարճ ճանապարհը։
Կարճ ասած, մենք չենք դառնալու Ռոբերտ Քոչարյան կամ Սերժ Սարգսյան կամ ավելի պատկերավոր ասած Սերժ Քոչարյան, որովհետև մեզ համար ավելի կարևոր է, որ չլինեն անմեղ ազատազրկված մարդիկ, քան մի քանի մեղավոր և անգամ մի քանի սրիկա լինեին ազատության մեջ, որովհետև մեղավորների պատասխանատվության ժամանակը վաղ թե ուշ գալու է, իսկ անմեղների ժամանակը այլևս հետ չես բերի»,– ընդգծեց ՔՊ–ական պատգամավորը։
Նա խոսեց նաեւ այն մասին, որ շատ են աչք ծակող գույքերը հատկապես Երևանում, որոնք մի տեսակ էմոցիոնալ և ընկալումների մակարդակում ազդում են մարդկանց ներվի վրա և ընկալման մակարդակում ստվերում են այն թվերը, որոնք արձանագրվել են։
«Ասենք կենտրոնում, որ կանգնում ես Մայր Հայաստանի կողքին տեսնում ես՝ վեր է խոյանում Գագիկ Խաչատրյանի շքեղ դղյակը, որը կարծես կոռուպցիայի և թալանի հուշարձանը լինի Երևանի կենտրոնում։ Մոնումենտով բարձրանում ես, ձախի վրա տեսնում ես ԱԺ–ի կերպարով Հովիկ Աբրահամյանի տունը, որ լոլիկներով էր կառուցել, կարծես թե։ Այնքան է արմատացած եղել կոռուպցիան և թալանը Հայաստանում, ավանդույթի, մշակութային ինչ-որ բան է դառած եղել, որ մեզ ինչ-որ էմոցիոնալ և ընկալումների մակարդակում նաև ինչ-որ քաղաքական միգուցե միջոցառումներ են պետք, ես չգիտեմ ինչեր են պետք, բայց այդ աչք ծակող գույքերի հետ ինչ-որ հանրային նշանակության փոփոխություններ են միգուցե պետք իրականացնել, երբ որ դրանք կհայտնվեն ապօրինի գույքի տիրույթում։ Ես հույս ունեմ, որ այս իմ թվարկած աչք ծակող գույքերը քննության և անգամ գնահատման փուլում են գտնվում»,– ընդգծեց Արթուր Հովհաննիսյանը։