Եթե ուզում է բարեփոխել, նախ պետք է սկսի իրենից, իր ընտանիքի անդամներից. Տեր Վրթանես
Այս պահին բազմաթիվ հոգևորականներ, քաղաքացիներ են եկել «Զվարթնոց» միջազգային օդանավակայան՝ դիմավորելու Շվեյցարիա և Մարսել կատարած այցից վերադարձող Ամենայն Հայոց Կաթողիկոսին։ Այդպիսով նրանք իրենց աջակցությունն են հայտնում Գարեգին Բ-ին՝ Նիկոլ Փաշինյանի հետապնդումների ու նրա կողմը մի քանի բարձրաստիճան հոգևորականների անցնելու համատեքստում։
«Եթե ուզում է բարեփոխել եկեղեցին, ինչպես հայտարարում է, ապա թող իր աչքի գերանը նախ տեսնի, ոչ թե ուրիշի աչքի շյուղը։ Եթե ուզում է բարեփոխել, նախ պետք է սկսի իրենից, իր ընտանիքի անդամներից, իր զավակների դաստիարակությամբ զբաղվի, իր կնոջ հետ օրինական, եկեղեցով պսակվի, գնա այն եկեղեցիներ, որտեղ կանոնական պատարագներ են իրականացվում են»,-լրագրողների հետ զրույցում ասաց Տեր Վրթանես քահանա Բաղալյանը՝ անդրադառնալով եկեղեցու դեմ արշավի՝ Նիկոլ Փաշինյանի հիմնավորումներին։
Տեր Վրթանեսն ասաց, պատարագներին Նիկոլ Փաշինյանի նպատակն իրեն նվիրված ծափահարություններն են, «վարչապետ գոչյուններն են»։
«Նրա նպատակը ոչ թե եկեղեցին բարեփոխելն է, այլ պառակտելը։ Վեհափառ Հայրապետի անունը չտալով՝ պատարագը կանոնական չի լինում։ Իր մոտ բարեփոխում չի ստացվում, նա լավագույն դեպքում կարող է չեզոքություն ցուցաբերել, քանի որ որևէ մեկը նրան չի ընտրել եկեղեցու գործերին իր քիթը խոթելու համար, ինքը դրա իրավասությունը չունի, Սահմանադրությունը հստակ առանձնացնում է պետության ու եկեղեցու իրավասությունները։ Մենք տեսնում ենք, որ որևէ ոլորտում նրա մոտ ոչինչ չի ստացվում՝ անվտանգության, տնտեսության, քաղաքականության, այդ դեպքում կարող է հրաժարական տալ։ Ինչպիսի մանրամասնությամբ մխրճվում է պատարագի մեջ, փորձում է շտկումներ անել, թող այդպես Սյունիքով անցնող միջանցքի մանրամասնությունների մեջ խորանա, և չդառնա Ալիևի, Էրդողանի, Փաշազադեի հանձնարարականները կատարող շարքային կամակատարը»,-ասաց Տեր Վրթանեսը։


