չորեքշաբթի, սեպտեմբեր 16
16 / 9 / 2026
Եթե մարդն ամբողջ կյանքում պետական պաշտոնի է եղել ու դոլարային միլիարդատեր է, պետք է րոպե առաջ «կուլակաթափ» անել. Փաշինյան

Եթե մարդն ամբողջ կյանքում պետական պաշտոնի է եղել ու դոլարային միլիարդատեր է, պետք է րոպե առաջ «կուլակաթափ» անել. Փաշինյան

Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործընթացում իրավական համակարգի արդյունավետ աշխատանքի դեպքում միայն ֆինանսների նախկին նախարար, ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի և նրան փոխկապակցված անձանց վերաբերյալ գործով պետությանը կարող է վերադարձվել ավելի քան 1 միլիարդ դոլարի գույք։ Այս մասին այսօր ԱԺ-ում կառավաության հետ հարցուպատասխանի ժամանակ  հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ խոսելով ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործընթացի մասին։

Նա հիշեցրել է Կառավարության առաջադրած նպատակը՝ առաջիկա տարիներին պետությանը և համայնքներին վերադարձնել առնվազն 2 միլիարդ դոլարի ապօրինի ծագում ունեցող գույք։

«Դրանից կարճ ժամանակ անց հրապարակեցին ֆինանսների նախկին նախարարի գույքի ցանկը՝ շուրջ 1,5 միլիարդի չափով։ Այսինքն՝ եթե իրավական համակարգը ճիշտ աշխատի, միայն մեկ գործով կվերադարձվի ավելի քան 1 միլիարդի գույք»,- ասել է Փաշինյանը։

Նա նաև անդրադարձել է նախկին բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ ընթացող գործընթացները քաղաքական հետապնդում որակելու պնդումներին։

«Եթե մարդն ամբողջ կյանքում պետական պաշտոնի է եղել ու դոլարային միլիարդատեր է, դրա քաղաքական հետապնդումը ո՞րն է։ Այդ մարդուն պետք է րոպե առաջ «կուլակաթափ» անել»,- ասել է Փաշինյանը։

Վարչապետի խոսքով՝ իշխանությունն ընտրել է ապօրինի ծագում ունեցող գույքը վերադարձնելու ինստիտուցիոնալ՝ իրավական ճանապարհը, որպեսզի գործընթացը տեղի ունենա համապատասխան դատական ընթացակարգերով։

  • Կիսվել: