Եթե Գյումրիում վարչական ռեսուրս կիրառվեր, մենք 70% ձայն կհավաքեինք. իսկ մենք պարտվել ենք. Ռոմանոս Պետրոսյան
Խնդրում եմ Հայաստանի Հանրապետության քաղաքացուն չվիրավորել, ՀԷՑ–ում աշխատող 7000 քաղաքացիները ՀՀ քաղաքացիներ են, որոնք որ արդեն յոթ տարի շարունակ համոզվել են, որ իրենց քվեի ուժը անբեկանելի է, իրենց ոչ ոք չի կարող ուղղորդել և ցանկացած քաղաքացի իր կամաարտահայտումը իրականացնում է քվեախցում առանց որևէ վերահսկողության, առանց որևէ ուղղորդման։ Այս մասին, այսօր ՀԷՑ–ի ժամանակավոր կառավարիչ նշանակված Ռոմանոս Պետրոսյանը՝ անդրադառնալով հնչող տեսակետներին, թե ՀԷՑ–ը պետականացնելի նպատակներից մեկն էլ այն է, որ իշխանությունը 7000 աշխատակիցներին իրենց ընտանիքների անդամներով, ուղղորդի 2026-ի ընտրություններին ընտրել ՔՊ-ին։
«Ու առհասարակ քվեարկությունը փակ գաղտնի է և քվեարկությանը միջամտելը, ուղղորդելը, հորդորելը և շահագրգռելը նույնպես քրեորեն հետապնդելի արարքներ են։ Ես մեր քաղաքացիներին շատ հարգում եմ և անկախ որ մարմնում ինչ կարգավիճակ եմ զբաղեցնում, երբևէ ընտրական պրոցեսների ուղղակի մաս չի կարող դառնալ վերադասությունը, որտեղ ես իրականացնում եմ իմ լիազորությունները»,–ասաց նա։
Դիտարկմանը, որ դիտորդները արձանագրել են, որ Գյումրիի ընտրություններում վարչական ռեսուրս է կիրառվել, Ռոմանոս Պետրոսյանն ասաց. «Եթե վարչական ռեսուրս կիրառվեր, Գյումրիում մենք 70% ձայն կհավաքեինք, հարգելիս։ Բայց Գյումրիում մենք պարտվել ենք ընդդիմությանը, արժանապատիվ ընդունել ենք այդ պարտությունը և այդ ուժի հետ մենք այսօր փորձում ենք կառուցողական աշխատանք տանել։ Խնդրում եմ՝ այդ հիմար վարկածները շրջանցման մեջ չդնել»։
Հարցին՝ ինքը ուսումնասիրելու և պարզելո՞ւ է արդյոք՝ ՀԷՑ աշխատակիցներին հայտնի միտինգին ուղղորդել են թե ոչ, Ռոմանոս Պետրոսյանը պատասխանեց. «Եթե դա մտնում է ժամանակավոր կառավարչի լիազորությունների մեջ, ապա անշուշտ: Խնդրում եմ էներգետիկայի մասին օրենքը ուսումնասիրեք, ձեր հարցի պատասխանը կունենաք»։շ
Հիշեցնենք, որ հուլիսի 18–ին Հանրային ծառայությունների կարգավորման հանձնաժողովի որոշմամբ Ռոմանոս Պետրոսյանը նշանակել է ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչ։


