Եթե էս ստվերային է, բա իրոք ստվերայինը ո՞րն է, պարո՛ն Մանուկյան․ Վահագն Ալեքսանյան
Ծիծաղելի է, թե ո՞նց կարելի է, երբ ամբողջ աշխարհը տեսախցիկների առաջ մամլո հաղորդագրություններով բանակցում են, ընդդիմադիրներն ասում են՝ ստվերային բանակցություններ են ընթանում հայ ժողովրդի թիկունքում: Այս մասին այսօր՝ մայիսի 2-ին, ԱԺ-ում հայտարարեց ՔՊ խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը՝ անդրադառնալով «Հայաստան» խմբակցության պատգամավոր գեղամ Մանուկյանի հայտարարությանը, թե հայ ժողովրդի թիկունքում, ստվերային, գաղտագողի տեղի են ունենում գործընթացներ, որոնք վտանգում են Հայաստանի ու Արցախի անվտանգությունը:
«Եթե սա ստվերային է, բա իրոք ստվերայինը որն է, պարոն Մանուկյանը, կարո՞ղ է 2007-ի հայ-թուրքական բանակցությունները, կարող է:
Հատկապես շատ հետաքրքիր է, որ ասում է՝ Ռուբեն Ռուբինյանը Թուրքիայի գծով Հայաստանի բանակցողն է, հետեւաբար, եթե մասնակցում է նաեւ այն բանակցություններին, ուրեմն այստեղ կա նաեւ Թուրքիայի գործոնը, հետեւաբար այս ամեն ինչը Հայաստանը շաղկապում է իրար:
Ռուբեն Ռուբինյանը շաբաթվա մեջ հանդիպում է տասնյակ կամ 5-6 երկրների պատվիրակությունների Հայաստանում եւ Հայաստանից դուրս: Օրինակ, հեչ եղե՞լ է, որ գաք այստեղ, ասեք՝ այ, որ Ռուբեն Ռուբինյանը հանդիպեց Բուլղարիայի պատվիրակությանը, արդյոք դա նշանակում է, որ Հայաստանը փորձում է հայ-բուլղարական հարաբերությունները կպել հայ-թուրքականին: Կամ ուրիշ երկրների՝ Շվեյցարիայի, Անգլիայի, Ֆրանսիայի: Չեմ զարմանա, որ դա էլ ասեք: ԱԺ փոխնախագահն, այո, գնացել, մասնակցում է այդ բանակցություններին եւ ես այստեղ չեմ տեսնում, թե որն է խնդիրը»,-հայտարարեց Ալեքսանյանը:


