չորեքշաբթի, օգոստոս 19
19 / 8 / 2026
Եթե ամեն մտքին նիստը վարողը արձագանքի, նիստի բնականոն ընթացքը կխաթարվի. Ընդդիմադիր պատգամավորը՝ ԱԺ միջադեպի մասին

Եթե ամեն մտքին նիստը վարողը արձագանքի, նիստի բնականոն ընթացքը կխաթարվի. Ընդդիմադիր պատգամավորը՝ ԱԺ միջադեպի մասին

ԱԺ հանձնաժողովների նախագահների ընտրություններին մասնակցելու ենք, ինչ վերաբերում է մեր կողմից դահլիճը լքելուն, պատճառն այն էր, որ նիստը վարողը փաստացի նիստը վարելու փոխարեն շատ հաճախ զբաղված է լինում մեկնաբանելով ընդդիմադիրների ելույթները։ Այս մասին, այսօր՝ օգոստոսի 19–ին, ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը՝ մեկնաբանելով ԱԺ դահլիճում տեղի ունեցած միջադեպը, որի արդյունքում ԱԺ փոխխոսնակ Վահագն Ալեքսանյանի կարգադրությամբ, անվտանգության աշխատակիցները մտան դահլիճ, որ դուրս բերեն Դավիթ Ղազինյանին։

Դիտարկմանը, որ ԱԺ փոխխոսնակ Վահագն Ալեքսանյանն ասել է, որ ինքն ընդամենը ստերին է արձագանքում, Աբրահամյանն ասաց. «Եթե ցանկություն ունեն, կարող են հերթագրվել խոսել, նիստը նախագահողն էլ միշտ հնարավորություն ունի արտահերթ ելույթի կամ արտահերթ հարցի։

Իրենց պատկերացումները և մեր պատկերացումները բազմաթիվ հարցերով տարբեր են և եթե ամեն մի մտքին նիստը վարողը արձագանքի, ապա նիստի բնականոն ընթացքը կխաթարվի։ Սա մի անգամ չի, որ եղել է, պարբերաբար ականատեսն ենք լինում»։

Հարցին՝ ամեն միջադեպից հետո խմբակցությունը լքելո՞ւ է ԱԺ շենքը, ընդդիմադիր պատգամավորն ասաց. «Ըստ իրավիճակի որոշում ենք կայացնելու։ Այս դեպքում, հաշվի առնելով, որ կոպտորեն կանոնակարգի խախտում տեղի ունեցավ, որոշում կայացվեց լքել նիստերի դահլիճը։ Դավիթ Ղազինյանին խնդրեցին լքել դահլիճը, ինչը կանոնակարգի խախտում էր, դրան մենք ավելի ուշ ավելի մանրամասն կանդրադառնանք»։

  • Կիսվել: