Ես չեմ տեսնում, որ Ադրբեջանի առաջարկն օրինական է մեր երկրի համար, իրենք պետք է չորոշեն՝ մեր երկրի Սահմանադրությունն ինչպես լինի. Նարեկ Կարապետյան
Անգամ հանրաքվեի անցկացման համար պետք է մեր թույլտվությունը, մեր համաձայնությունը։ Ես չեմ տեսնում, որ Ադրբեջանի այսօրվա առաջարկն օրինական առաջարկ է մեր երկրի համար: Իրենք պետք է չորոշեն՝ մեր երկրի Սահմանադրությունն ինչպես լինի։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը:
«Մենք գնում ենք «Խաղաղության պայմանագրին», պետք է ունենանք «Խաղաղության պայմանագիր», բայց այդ «Խաղաղության պայմանագիր»-ը պետք է փակի շատ դռներ, մեր ապագա վտանգների դռները։
Կարող եք վստահ լինել, որ մեր բոլոր քաղաքական քայլերը ունենալու են մի ուղղություն՝ ունենալ խաղաղություն, բայց թույլ չտալ Հայաստանում էթնիկ փոփոխություն»,-նշել է նա։
Հիշեցնենք, որ ավելի վաղ տեղեկացրել էինք՝ թուրքական Haber Global հեռուստաալիքին տված իր մեկնաբանության մեջ Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը հայտարարել է, որ Հայաստանի Սահմանադրությունից պետք է հանվի այն հոդվածը, որը տարածքային պահանջներ է նախատեսում Ադրբեջանի, ինչպես նաև Թուրքիայի նկատմամբ, հաղորդել են ադրբեջանական ԶԼՄ-ները։
Հաջիևի խոսքով՝ ստացվող ազդակները վկայում են այն մասին, որ Հայաստանում սկսվում է նոր Սահմանադրության ընդունման գործընթացը։



