Ես ասե՞լ եմ ՀԱՊԿ-ից դուրս գալ․ Տոնոյանը հարցեր ունի Կարապետյանին ու Փաշինյանին
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը բազմաթիվ հարցեր ունի վարչապետ Նիկոլ Փաշինյանին և պաշտպանության նախկին նախարար, 44-օրյա պատերազմի ժամանակ վարչապետի խորհրդական Արշակ Կարապետյանին՝ հրապարակված զրույցի վերաբերյալ։
Ըստ հրապարակված զրույցի, որը վերաբերել է 2020թ․ իրադարձություններին, իբրև թե Դավիթ Տոնոյանն առաջարկել է դուրս գալ ՀԱՊԿ-ից։
«Իրենք են իրար հետ խոսել, և այդ խոսակցության վերաբերյալ ես տեղյակ չեմ եղել, բայց հարցեր ունեմ արդեն երկուսին էլ։ Օրինակ, ՀԱՊԿ-ի վերաբերյալ, որ ես հայտարարել եմ, թե ՀԱՊԿ-ից պետք է դուրս գալ․․․ Շատ հետաքրքիր հայտարարություն է, դրա պատասխանը պետք է տան, թե որտեղից են էդ․․․ չնայած դա Արշակ Կարապետյանն է ասել․․․»,- ասաց Տոնոյանը։
Անդրադառնալով լրագրողի այն հարցին, թե արդյոք ինքը երբևէ նման միտք չի՞ արտահայտել՝ ո՛չ բաց, ո՛չ փակ զրույցներում, Տոնոյանը նշեց. «Եթե փակի մեջ է եղել, ինչու է հիմա դա բացահայտվում», իսկ եթե բաց է եղել, առաջարկեց իրենց ցույց տալ, թե որտեղ ու երբ է դա ասել։
Ինչ վերաբերում է պատերազմի ժամանակ Ռուսաստանի հետ կապին, Տոնոյանը նշեց՝ թե՛ ինքը, թե՛ վարչապետն անմիջական կապի մեջ են եղել ռուս գործընկերների հետ, ըստ նրա՝ ինքը կապի մեջ է եղել է ՌԴ պաշտպանության նախարարի, իսկ Փաշինյանը՝ ՌԴ նախագահի հետ։


