Երկուսն էլ հրաշալի երկրներ են. Թրամփը չպատասխանեց Հայաստան և Ադրբեջան այցելելու հնարավորության մասին հարցին
Սպիտակ տանն այսօր կայացած՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի եռակողմ հանդիպմանը խաղաղության վերաբերյալ համատեղ հռչակագրի ստորագրումից հետո ադրբեջանցի լրագրողը հարց ուղղեց Թրամփին, թե արդյոք նա դիտարկու՞մ է Ադրբեջան եւ Հայաստան այցելելու հնարավորությունը։
«Ո՞ր մեկը դիտարկեմ. ո՞րն է ավելի լավը»,– ասաց Թրամփը՝ ցույց տալով իր երկու կողմերում նստած՝ ՀՀ եւ Ադրբեջանի առաջնորդներին։
«Եթե ես երբեւէ նման բան ասեի, դուք կասեիք՝ այս մարդը չէր կարող խնդիրը լուծած լինել։ Երկուսն էլ հրաշալի են, այդքանը կարող եմ ասել։ Եվ նրանք շատ ավելի լավն են դառնալու։ Նրանք շատ տարբեր են շատ առումներով, բայց նաեւ շատ ընդհանրություններ ունեն։ Բայց երկուսն էլ հրաշալի երկրներ են, եթե ինձ հարցնեք»,-ասաց Թրամփը եւ այդպես էլ չպատասխանեց տարածաշրջան այցելելու հնարավորության վերաբերյալ հարցին։


