Երկու երկրների գործն է, թե իրենք ինչ մոտեցում կորդեգրեն առաջիկա բանակցությունների նկատմամբ. Փրայսը՝ ՀՀ-ի և Ադրբեջանի մասին
Շարունակվում են խեղաթյուրումները, գուցե նույնիսկ ավելի ճիշտ կլիներ դրանք ապատեղեկատվություն անվանել, որոնք հնչում են մի շարք շրջանակներից, այդ թվում՝ Մոսկվայից, և վերաբերում են հայ-ադրբեջանական հարաբերություններում մեր մտադրություններին:
Այս մասին ասել է ԱՄՆ Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Նեդ Փրայսը՝ մեկնաբանելով հոկտեմբերի 27-ին ՛՛Վալդայ՛՛ ակումբում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հնչեցրած ելույթի՝ ղարաբաղյան հակամարտության կարգավորման ամերիկյան ծրագրին վերաբերող հատվածը։
Ադրբեջանական ՛՛Թուրան՛՛ գործակալության Վաշինգտոնի թղթակցի հարցին՝ գոյություն ունի՞ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման ամերիկյան նախագիծ, թե՞ ոչ՝ Փրայսը նշել է, որ Միացյալ Նահանգները 1991 թվականից ի վեր միանշանակորեն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի ինքնիշխանությանն ու անկախությանը։
Անդրադառնալով Սոչիում հոկտեմբերի 31-ին կայանալիք բանակցություններին՝ Փրայսն ասել է, որ Ռուսաստանի միջնորդությամբ կազմակերպվող բանակցություններին մասնակցելը Երևանի և Բաքվի ընտրությունն է։
՛՛Ես չեմ պատրաստվում մեկնաբանել Ռուսաստանի Դաշնության կողմից ձեռնարկվող ջանքերը։ Կարող եմ միայն կրկնել, որ այդ երկու երկրների գործն է, թե իրենք ինչ մոտեցում կորդեգրեն առաջիկա բանակցությունների նկատմամբ։ Կարծում եմ, սակայն, որ աշխարհը շատ լավ տեղյակ է, որ Ռուսաստանը չի հարգում իր հարևանների ինքնիշխանությունը։ Դա են վկայում 2008 թվականի ներխուժումը Վրաստան և ներկայիս արյունալի ներխուժումը Ուկրաինա՛՛,-նշել է նա:


