Երևանից Եվրամիությանն անդամակցելու հայտ դեռ չենք ստացել, երբ ստանանք, կքննարկենք. Մարտա Կոս
«Մենք դեռ Հայաստանի կողմից Եվրամիությանն անդամակցելու հայտ չենք ստացել, երբ ստանանք, կքննարկենք», – «Ազատությանը» տված բացառիկ հարցազրույցում ասել է դաշինքի ընդլայնման հարցերով հանձնակատար Մարտա Կոսը։
Չհստակեցնելով՝ դիմումը ստանալու դեպքում Բրյուսելը հավանություն կտա, թե ոչ, եվրոպացի բարձրաստիճան դիվանագետը միայն ընդգծել է՝ Երևանում հնչող այդ ցանկությունը ցույց է տալիս, թե որքան գրավիչ է այսօր եվրոպական ընտանիքը։
«Այն, ինչ տեղի ունեցավ Հայաստանի խորհրդարանում, ցույց է տալիս, որ Եվրամիության գրավչությունը հիմա ավելի բարձր է, քան նախկինում։ Ցանկացած երկրի համար Եվրամիության անդամակցությանը դիմելու համար երկու պայման կա՝ այն պետք է լինի պետություն և լինի Եվրոպայում։ Մենք Հայաստանից դիմում դեռ չենք ստացել, երբ ստանանք, կքննարկենք, բայց, ինչպես ասացի, սա ցույց է տալիս, որ մենք հետաքրքիր ենք բազմաթիվ երկրների համար», – նշել է Մարտա Կոսը։