Երբ ասում եմ դուք այս ամբիոնից փորձում եք կապիտալիզացնել մեր զոհերին, նեղանում եք․ Կոնջորյանը՝ ընդդիմադիրներին
«Պատիվ ունեմ»-ը էլի ամբողջ կազմով լքեց դահլիճը, ընդդիմադիր հովեկների խմբակցություն է, գալիս են հյուրախաղերի, հետ են գնում: ԱԺ-ում այս մասին ասաց ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը։
Պատգամավորն անդրադարձավ նաև նախորդիվ հնչած «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանի ելույթին․
«Լեզվանի տղա կար, նոր այստեղ խոսեց ու գնաց, Սերժն է երևի սովորեցրել իրեն, որ պիտի խոսի ու գնա։ Իգի՛թ տղա, ու՞ր ես հիմա, խոսում ես մնա, տեսնենք քո խոսացածներից հետո պատրա՞ստ ես մնալ ու լսել նաև քո մասին ասվածը։ Գալիս ես ամբիոնից Սերժ Սարգսյանի մասին այնպիսի դիֆերամբներ են ձոնում, խնկարկում են ՍերԺ Սարգսյանի նախագահությունն այս ամբիոնից։ Մի հատ մատուռ սարքեք ձեր կողքը, քառօրյային կարող եք գալ, մի հատ խունկ ծխել»։
Խոսելով Սերժ Սարգսյանի նախագահության տարիների մասին՝ Կոնջորյանն ասաց․
«Տպավորություն է, որ Թալեյրանի ժամանակվա բանակցային ժառանգությունն են մեզ փոխանցել, մենք էլ տարել այդ ժառանգությունը քամուն ենք տվել։ Ընդդիմադիրների ելույթը սկսվում է նորից շահարկելով զոհված տղաների հիշատակը։ Ես, որ ասում եմ դուք դժբախտության մունետիկն եք , երբ ասում եմ դուք մահվան վաճառականներ ենք, որ այս ամբիոնից փորձում եք կապիտալիզացնել մեր զոհերին, նեղանում եք, բայց սա այն է, ինչ ձեր մասին պիտի ասենք»։
Կոնջորյանի խոսքով՝ ընդդիմադիր պատգամավորների ելույթներում մի քանի հիմնական թեզեր են հնչում, օրինակ, որ 20-ամյա կառավարմամբ թողել էին ներկա իշխանությանը մի հիանալի ժառանգություն, բայց իշխանությոuնը պարտվեց պատերազմը, տվեց հողերը․
«Երկու շատ կարևոր հայտարարություններ են հնչում, մեկn այն, որ 20 տարի շարունակ ՀՀ-ն ունեցել է տարածաշրջանի ամենամարտունակ բանակը, երկրորդը, որ ՀՀ-ն ունեցել է հմուտ դիվանագիտություն։ Եթե, դուք իսկապես ճիշտ եք և 20 տարի ձեր կառավարման ժամանակ ՀՀ-ն ունեցել է ամենամարտունակ բանակը և ամենահմուտ դիվանագիտությունը, բա ինչու՞ չեք լուծել Արցախի հարցը»։
Ըստ Կոնջորյանի, եթե ընդդիմադիրները Սերժ Սարգսյանի վարած դիվանագիտությունը նմանեցնում են Թալեյրանին,ուրեմն նույն տրամաբանությամբ 2-րդ նախագահն էլ եղել է Հաննիբալը․ «Հաննիբալի և Թալեյրանի 20-ամյա կառավարման ժամանակ ունենալով ամենաուժեղ բանակը և ամենաուժեղ դիվանագիտությունը` չեք լուծել Արցախի հարցը, բա լուծեիք»։
Հայկ Կոնջորյանն անդրադարձավ նաև «Հայաստան» խմբակցության ղեկավարի այն դիտարկմանը, որ թեև Ռոբերտ Քոչարյանի նախագահության շրջանում Արցախը միջազգային հանրության կողմից չի ճանաչվել, բայց դրա համար հիմքեր են ստեղծվել․
«Մեծ բանակցողներից Ռոբերտ Քոչարյանը, որ գնում և բանակցում էր ընդհանուր պետության մասին, դա՞ էր հիմքը, որտեղ ԼՂ հայության անձնագրերում պետք է գրվեր Ադրբեջանի Հանրապետություն, սա՞ էր միջազգային ճանաչման հիմքը»։


