Եռակողմ պայմանավորվածությունները կասկածի տակ դնելու փորձերը չափազանց վտանգավոր են. Զախարովա
Հայ-ադրբեջանական հաշտեցման հիմքը Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ պայմանավորվածություններն են, որոնք ձեռք են բերվել 2020-2022թթ.-ին, իսկ դրանք կասկածի տակ դնելու փորձերը խիստ վտանգավոր են: Այս մասին այսօր ճեպազրույցի ժամանակ ասել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Նրա խոսքով՝ Ռուսաստանում կարծում են, որ ներկայումս եռակողմ պայմանավորվածություններին այլընտրանք չկա: Դա, ըստ Զախարովայի, չեն հերքում նաև Հայաստանում. մինչ օրս հանրապետության ոչ մի բարձրաստիճան ներկայացուցիչ չի հրաժարվել դրանցից և չի հայտարարել, թե այդ փաստաթղթերն անվավեր են:
«Վերոնշյալ պայմանավորվածություններն ընդգրկում են Բաքվի և Երևանի միջև կարգավորման բոլոր առանցքային գծերը՝ ներառյալ խաղաղության պայմանագրի մշակումը, սահմանագծումն ու սահմանազատումը, տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակումը, քաղաքացիական հասարակության գծով շփումների զարգացումը։ Դրանք կասկածի տակ դնելու փորձերը չափազանց վտանգավոր են, կարող են կողմերի փոխադարձ պարտավորությունների վակուում ստեղծել չկարգավորված մնացող երկկողմ հարաբերությունների պայմաններում»,-ասել է Զախարովան։
Նա հավելել է, որ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները հաստատել են կառուցողական երկխոսությունը շարունակելու տրամադրվածությունը, Ռուսաստանի նախագահն էլ իր հերթին ընդգծել է Մոսկվայի պատրաստակամությունը՝ այսուհետ ևս անհրաժեշտ աջակցություն ցուցաբերել կարգավորման գործընթացի բոլոր ուղղություններով՝ բարձր մակարդակի եռակողմ պայմանավորվածությունների հիման վրա: