Հայաստանում հունվար-սեպտեմբեր ամիսներին տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 6.9 տոկոսով
Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշը հունվար-սեպտեմբեր ամիսներին 6.9 տոկոսով գերազանցել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի տվյալը:
Այս մասին հայտնում է ՀՀ վիճակագրական կոմիտեն:
Սեպտեմբերին այն 9.1 տոկոսով բարձր է եղել օգոստոսի և 5 տոկոսով՝ 2025 թվականի աշնան առաջին ամսվա ցուցանիշից:
Աճի տեմպերով առաջատար է մնում շինարարության ոլորտը, որի զարգացման ցուցանիշն այս տարվա առաջին 9 ամիսներին 24․9 տոկոսով բարձր է եղել նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի ցուցանիշից՝ գնահատվելով 583 մլրդ 818.1 մլն դրամ։
Սեպտեմբերին՝ օգոստոսի համեմատ շինարարության ծավալներն աճել են 8.5 տոկոսով՝ գնահատվելով 112 մլրդ 172․2 մլն դրամ։ Նախորդ տարվա սեպտեմբերի համեմատ աճը 25.9 տոկոս է:
Առաջընթացի ցուցանիշներով երկրորդ հորիզոնականում է ծառայությունների ծավալը (առանց առևտրի)։ Ոլորտը հունվար- սեպտեմբերին 13 տոկոսով գերազանցել է նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի ցուցանիշը՝ կազմելով 3 տրլն 455 մլրդ 582 մլն դրամ: Սեպտեմբերին՝ օգոստոսի համեմատ, աճել է 1․3, իսկ նախորդ տարվա սեպտեմբերի համեմատ՝ 15.1 տոկոսով: Սեպտեմբերին ծառայությունների ծավալը գնահատվում է 426 մլրդ 67.1 մլն դրամ:
Արդյունաբերական արտադրանքի ծավալն ընթացիկ տարվա առաջին 9 ամիսներին 5.8 տոկոսով գերազանցել է նախորդ տարվա նույն ամիսների ցուցանիշը՝ կազմելով 2 տրլն 361 մլրդ 636.6 մլն դրամ: Սեպտեմբերին՝ օգոստոսի համեմատ արտադրանքի ծավալն աճել է 4.2 տոկոսով, սակայն 4․5 տոկոսով պակաս է եղել նախորդ տարվա սեպտեմբերի ցուցանիշից: Սեպտեմբերին արտադրվել է 291 մլրդ 157.2 մլն դրամի արդյունաբերական արտադրանք:
Առևտրի շրջանառությունը հունվար-սեպտեմբեր ամիսներին 0․6 տոկոսով գերազանցել է նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի ցուցանիշը՝ հասնելով 5 տրլն 2 մլրդ 708.1 մլն դրամի: Սեպտեմբերին՝ օգոստոսի համեմատ, նվազել է 1․4 տոկոսով, իսկ նախորդ տարվա սեպտեմբերի համեմատ մնացել է անփոփոխ։ Սեպտեմբերին իրականացվել է 612 մլրդ 674.2 մլն դրամի առևտուր:
Գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալը հունվար-սեպտեմբերին 4.8 տոկոսով ցածր է եղել նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի ցուցանիշից՝ գնահատվելով 677 մլրդ 145.8 մլն դրամ:
Սպառողական գների ինդեքսը հունվար-սեպտեմբերին 4.5 տոկոսով բարձր է եղել նախորդ տարվա նույն ամիսների ցուցանիշից: Սեպտեմբերին՝ օգոստոսի համեմատ, աճել է 0.2, իսկ նախորդ տարվա սեպտեմբերի համեմատ աճել է 4․3 տոկոսով:
Արդյունաբերական արտադրանքի գների ինդեքսը տարվա առաջին 9 ամիսներին 8․8 տոկոսով բարձր է եղել նախորդ տարվա նույն ամիսների ցուցանիշից: Սեպտեմբերին՝ օգոստոսի համեմատ, աճել է 0․5, իսկ 2025-ի սեպտեմբերի համեմատ՝ 8․6 տոկոսով:
Հայաստանում այս տարվա հունվար-սեպտեմբերին արտադրվել է 6 մլրդ 958 մլն կիլովատ/ժամ էլեկտրաէներգիա, ինչը 3.6 տոկոսով գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը: Սեպտեմբերին՝ օգոստոսի համեմատ, արտադրությունը նվազել է 15.9, իսկ նախորդ տարվա սեպտեմբերի համեմատ՝ 9.8 տոկոսով: Սեպտեմբերին արտադրվել է 689.5 մլն կիլովատ/ժամ էլեկտրաէներգիա:
Սույն ցուցանիշում ներառված չէ էլեկտրաէներգիայի փոխհոսքերի մասով ինքնավար արտադրողների կողմից արտադրված էլեկտրաէներգիան: Համադրելիության ապահովման նպատակով աճի տեմպերը հաշվարկելիս նախորդ ժամանակաշրջանների համանուն ցուցանիշներում (սեպտեմբեր՝ 764.5) այն ևս ներառված չէ:
Հաշվետու ժամանակաշրջանում միջին ամսական անվանական աշխատավարձի վերաբերյալ տվյալներ չեն ներկայացվել։



