երեքշաբթի, հունիս 16
16 / 6 / 2026
ԵՄ-ն ողջունում է Հայաստան-Թուրքիա երկկողմ աշխատանքային խմբի հանդիպումը Կարսում

ԵՄ-ն ողջունում է Հայաստան-Թուրքիա երկկողմ աշխատանքային խմբի հանդիպումը Կարսում

ԵՄ-ն ողջունում է Հայաստան-Թուրքիա երկկողմ աշխատանքային խմբի ապրիլի 28-ին հանդիպումը Կարսում, որը նպատակ ուներ առաջ մղել երկու երկրների միջև երկաթուղային կապերի վերականգնումը։

«Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացի կայուն ընթացքը արտացոլում է տարածաշրջանում ձևավորվող ավելի լայն դրական դինամիկան, որը կարևոր է երկարատև խաղաղության և կայունության համար։ ԵՄ-ն խրախուսում է երկու երկրների միջև հարաբերությունների լիակատար կարգավորումը։

Գործարկումից հետո Կարս-Գյումրու երկաթուղային կապը կամրապնդի տարածաշրջանային հաղորդակցությունը և կապահովի կոնկրետ օգուտներ Հարավային Կովկասի բոլոր բնակչության համար։

ԵՄ-ն հանձնառու է Հարավային Կովկասում հաղորդակցության զարգացմանը՝ համաձայն մեր միջտարածաշրջանային կապի օրակարգի, «Գլոբալ դարպաս» ռազմավարության և Տրանսկասպյան տրանսպորտային միջանցքի, որտեղ Հայաստանն ու Թուրքիան երկուսն էլ կարևոր դեր են խաղում»,- նշված է ԵՄ հայտարարության մեջ։ 

Հիշեցնենք՝ ապրիլի 28-ին ՀՀ ԱԳՆ-ից հայտնել էին, որ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման շրջանակներում ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն` այսօր Կարսում տեղի է ունեցել Գյումրի-Կարս երկաթգծի վերականգնման և գործարկման` Հայաստան-Թուրքիա համատեղ աշխատանքային խմբի հանդիպումը: Տարածաշրջանի տրանսպորտային հաղորդակցությունների ընդլայնման համատեսքստում կողմերն ընդգծել են Գյումրի-Կարս երկաթգծի շուտափույթ գործարկման կարևորությունը:

Հանդիպումից հետո ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը նույնպես հայտարարություն էր տարածել, նշելով, ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը ողջունում է Հայաստանի և Թուրքիայի միջև տասնամյակներ շարունակ փակված տնտեսական ու հասարակական կապերի վերաբացման ուղղությամբ այս կոնկրետ քայլերի ձեռնարկումը։

  • Կիսվել: