շաբաթ, հուլիս 11
11 / 7 / 2026
ԵՄ ղեկավար կառույցները ողջունում են Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի նախաստորագրումը

ԵՄ ղեկավար կառույցները ողջունում են Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի նախաստորագրումը

ԵՄ ղեկավար կառույցների մամուլի ծառայությունները տարածել են Եվրոպական խորհրդի նախագահ Անտանիու Կոշտայի և Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի համատեղ հայտարարությունը՝ Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի նախաստորագրման և Վաշինգտոնում Ադրբեջանի նախագահ Ալիևի ու Հայաստանի վարչապետ Փաշինյանի միջև ստորագրված հռչակագրի վերաբերյալ: 
 
Հայտարարության մեջ, մասնավորապես, ասված է. «ԵՄ-ն ջերմորեն ողջունում է այսօր ԱՄՆ նախագահ Թրամփի հյուրընկալությամբ կայացած Ադրբեջանի նախագահ Ալիևի և Հայաստանի վարչապետ Փաշինյանի հանդիպումը։ Նաև ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին պայմանագրի նախաստորագրումը։
 
Վարչապետ Փաշինյանի և նախագահ Ալիևի կողմից՝ ԱՄՆ նախագահի ներկայությամբ Սպիտակ տանը, Քաղաքական հռչակագրի ստորագրումը կարևորագույն առաջընթաց է թե՛ Հայաստանի և թե՛ Ադրբեջանի համար՝ բացելով ճանապարհը երկու երկրների և ամբողջ տարածաշրջանի համար տևական ու կայուն խաղաղության, և ամփոփելով ԵՄ-ի բազմամյա ջանքերը։
 
Այժմ կարևոր է ապահովել պայմանավորված քայլերի ժամանակին իրականացումը, որպեսզի երաշխավորվի կայուն և անխափան առաջընթաց՝ ուղղված Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների լիարժեք կարգավորմանը։
 
Ինչպես մի քանի անգամ, այդ թվում՝ վերջերս 2025 թ. մայիսին Տիրանայում կայացած գագաթնաժողովի շրջանակում, փոխանցվել է երկու առաջնորդներին, նախագահ Կոշտան և նախագահ ֆոն դեր Լայենն անկեղծորեն ոգեշնչված են Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների վերջին տարիներին իրենց երկկողմ շփման միջոցով ձեռնարկած վճռական քայլերով՝ հիմնվելով նաև Բրյուսելում կայացած նրանց նախորդ քննարկումների շարքի վրա։
 
ԵՄ-ն հաստատակամորեն աջակցում է Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացին և պատրաստ է ներդրումներ կատարել տարածաշրջանային կապուղիների լիարժեք բացման ոլորտում՝ ի շահ առաջին հերթին հակամարտության ժառանգությամբ բաժանված ժողովուրդների, և տարածաշրջանը մոտեցնելու կայուն խաղաղությանը, կայունությանը և բարեկեցությանը»:

  • Կիսվել: