ԵԽԽՎ զեկույցը ցույց է տալիս, որ հունիսի 7-ի ընտրությունները բազմակի խախտումներով են տեղի ունեցել. Գոհար Մելոյան
Ողջունելի է, որ 2018-ից առ այսօր առաջին անգամ եվրոպական մեծ կարևորություն ներկայացնող կառույցն ի վերջո արձանագրեց, որ Հայաստանում նախընտրական և ընտրական գործընթացն իրականացվել է մեծ խախտումներով, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության անդամ Հարություն Հարությունյանը՝ անդրադառնալով Հայաստանում հունիսի 7-ին կայացած ընտրությունների վերաբերյալ ԵԽԽՎ զեկույցին։
«Սա դրական առաջընթաց է, քանի որ 2018-ից առ այսօր, Եվրոպան, ընդհանուր առմամբ, դրական է գնահատել Հայաստանում տեղի ունեցած ընտրությունների ընթացքը, իսկ այժմ ամբողջությամբ հակառակ պատկեր արձանագրեց»,-ասաց պատգամավորը։
Նա նշեց, թե ակնհայտ է, որ ընդդիմադիր թիվ մեկ ուժ հանդիսացող «Ուժեղ Հայաստան» դաշինքի կողմից արձանագրված բոլոր ընթացիկ խախտումներն արժանացել են ԵԽԽՎ գնահատանքին։
ԵԽԽՎ զեկույցը ցույց է տալիս, որ հունիսի 7-ի ընտրությունները բազմակի խախտումներով են տեղի ունեցել, լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Գոհար Մելոյանը։
Նա նշեց, որ զեկույցում հստակ ամրագրված է ընտրովի արդարադատությունը։
«Արձանագրվել են վարչական ռեսուրսի կիրառման դեպքերը»,- մանրամասնեց Մելոյանը։
Նրա խոսքով՝ այս ամենն ընդդիմության փութաջան աշխատանքի արդյունք է։
«Այո՛, արդյունք է տալիս եվրոպական այսպիսի բարձր կառույցներով, մեզ համար պատիվ ու պատասխանատվություն է այս դրոշակը բարձր պահելու»,- ասաց Մելոյանը։



