ԵԽԽՎ զեկույցում արձանագրված մտահոգությունները կիսում եմ․ Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կիսում է ԵԽԽՎ դիտորդական առաքելության կողմից հրապարակված զեկույցում արձանագրված մտահոգությունները։ Այս մասին նա ասաց այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում։
«Առաջարկները, բնականաբար, ամենայն խորությամբ մենք կդիտարկենք։ Այս պահին վերլուծում ենք առաջարկները, և կարծում եմ, որ Եվրոպական խորհրդարանն այն կառույցներից է, որի առաջարկների իրականացումը երբեք վնաս չի բերի»,- ասաց Փաշինյանը։
Միաժամանակ, նշեց, որ այս պահին չի ցանկանում ավելի մանրամասն մեկնաբանել զեկույցի արձանագրումները, քանի որ սպասում է հարցի փորձագիտական մակարդակով անդրադարձին։
Նրա խոսքով՝ ընտրություններից հետո է կառավարությունն արձանագրել, որ ընտրական համակարգում պետք է լուրջ փոփոխություններ կատարվեն՝ ստեղծված իրադրությունները բացառելու կամ ազդեցությունը զրոյականին հասցնելու համար։
Նշենք, որ օրերս հրապարակվեց Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) 2026 թվականի հունիսի 7-ին Հայաստանում կայացած խորհրդարանական ընտրությունների դիտարկման զեկույցը՝ արձանագրելով ինչպես ընտրությունների կազմակերպման դրական կողմերը, այնպես էլ մի շարք խնդիրներ՝ արտաքին միջամտությունից և վարչական ռեսուրսի օգտագործումից մինչև ընդդիմության ներկայացուցիչների նկատմամբ քրեական վարույթներ և առանձին տեղամասերի արդյունքների անվավեր ճանաչում։ Զեկույցում զգալի տեղ է հատկացվել նախընտրական շրջանում ձևավորված անհավասար պայմաններին, իրավապահ համակարգի հնարավոր ընտրողական կիրառման վերաբերյալ մտահոգություններին, լրատվամիջոցների կողմնակալությանը և արտաքին ուժերի միջամտությանը։



