հինգշաբթի, մայիս 29
29 / 5 / 2025
«Եկեղեցին իր կարծիքը չի փոխել»․ Նաթան արքեպիսկոպոսը՝ Փաշինյանի հրաժարականը պահանջելու մասին

«Եկեղեցին իր կարծիքը չի փոխել»․ Նաթան արքեպիսկոպոսը՝ Փաշինյանի հրաժարականը պահանջելու մասին

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը չի սպասում իշխանությունից հրավերի։ Այս մասին, այսօր Սարդարապատի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում ասաց Մայր Աթոռի Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը։

Սրբազան Հայրն ասաց, որ իշխանության ու Մայր Աթոռի հարաբերությունները նույն փուլում են։

«Հարաբերություններն այնպիսին են, ինչպիսին կարող են լինել աշխատանքային հարաբերությունները»,- նշեց Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը։

Սրբազանի խոսքով՝ եթե Վեհափառ Հայրապետը իշխանության հետ չի մասնակցում պետական արարողակարգերին, ուրեմն ունի իր պատճառները։

Հարցին՝  եկեղեցին շարունակո՞ւմ է պահանջել Փաշինյանի հրաժարականը՝ Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանն արձագանքեց. «Սիրելիս, եկեղեցին իր կարծիքը երբևէ չի փոխել, ինչո՞ւ եք ամեն անգամ նույն հարցը տալիս, նոր հարցեր մտածեք»։

 

Մայր Աթոռի Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրենը նշեց, որ եկեղեցին միշտ համախմբող է եղել, երբևէ քաղաքականությամբ չի զբաղվել, մշտապես եղել ու մնում է վերկուսակցական։

«Եկեղեցին մշտապես ջանք է դնում, որ ազգը միավորված ու միահամուռ լինի»,- ասաց Սրբազան Հայրը։

Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը նշեց, որ պատմության ընթացքում շատ փորձեր են եղել՝ ծնկի բերելու եկեղեցին, բայց եկեղեցին երբեք ծնկի չի իջել։

«Եկեղեցին երբեք ծունկի չի իջնի մարդու առջև։ Վազգեն Կաթողիկոսը շատ լավ խոսք ուներ՝ «եթե դու չես ուզում ծունկի իջնել Աստծո առաջ, ստիպված կլինես մարդու առաջ ծունկի իջնել»»։

  • Կիսվել: