հինգշաբթի, հոկտեմբեր 1
1 / 10 / 2026
Էդգար Ղազարյանի նկատմամբ պատիժ սահմանվեց

Էդգար Ղազարյանի նկատմամբ պատիժ սահմանվեց

 «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդգար Ղազարյանը մեղավոր ճանաչվեց, և նրա նկատմամբ պատիժ սահմանվեց` 2 տարի ժամկետով ազատազրկում, որը պայմանականորեն չի կիրառվի։ Դատարանը նաև 1 տարի փորձաշրջան նշանակեց։
Որոշումն ընդունվեց Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի «Կենտրոն» նստավայրում դատավորը Սաթենիկ Անդրեասյանի կողմից:
Բացի այդ, Ղազարյանի նկատմամբ վարչական հսկողությունը կվերացվի այս դատավճռի` օրինական ուժի մեջ մտնելուց հետո։
Դատարանում այսօր տեղի ունեցան Ղազարյանի վերաբերյալ «ՍԴ–ի գործով» լրացուցիչ դռնբաց դատալսումները, որի ժամանակ հիմք ընդունելով մեղադրական վերդիկտը և լսելով կողմերի կարծիքը` կայացվեց դատավճիռ, որով սահմանվեց Ղազարյանի նկատմամբ պատժի տեսակն ու չափը։
Մինչ այդ` դատական լսումների սկզբում, Ղազարյանը հանրային մեղադրող Հայկ Ավետյանին բացարկ հայտնելու միջնորդություն ներկայացրեց` նշելով, որ նա «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում քաղաքական բովանդակության մեկնաբանություն է արել «Ուժեղ Հայաստան» կուսակցության ղեկավար Սամվել Կարապետյանի հասցեին։ Դատարանը, սակայն, մերժեց այդ միջնորդությունը։
Այնուհետև հանրային մեղադրող Ավետյանը միջնորդեց Ղազարյանի նկատմամբ սահմանել 2 տարի 6 ամիս պատիժ և 3 տարով զրկել հանրային գործունեությամբ զբաղվելու իրավունքից։
 
Ղազարյանի փաստաբան Ռուբեն Մելիքյանը հայտարարեց, որ հանրային մեղադրողի պահանջը չափազանց խիստ է, նա դատարանին կոչ արեց ավելի մեղմ միջոց կիրառել։
Մելիքյանը նաև հայտարարեց, որ համաձայն չէ մեղադրական վերդիկտի հետ, և դատավճիռը պարտադիր բողոքարկելու են։
Դատավճռի հրապարակումից հետո Ղազարյանը ճեպազրույցի ժամանակ հայտարարեց` ճիշտ է` դատարանն ազատազրկման դատապարտեց, սակայն պայմանական չկիրառեց, որը նշանակում է, որ բանտային կալանք չի լինի։
 

«Ազատազարկման դատապարտելը դա հիմք է պատգամավորական լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու համար։ Այսինքն` եթե դատական այս վճիռը մնա անփոփոխ, իսկ մենք այն բողոքարկելու ենք, պատգամավորի իմ լիազորությունները կդադարեցվեն»,– տեղեկացրեց Ղազարյանը։

  • Կիսվել: