հինգշաբթի, հունիս 4
4 / 6 / 2026
ԵԱՏՄ-ի նոր uահմանափակումները ՀՀ-ում նեգատիվ տրամադրություն են ստեղծում միության նկատմամբ․ Փաշինյան

ԵԱՏՄ-ի նոր uահմանափակումները ՀՀ-ում նեգատիվ տրամադրություն են ստեղծում միության նկատմամբ․ Փաշինյան

Հայկական գյուղատնտեսական արտադրանքի նկատմամբ սահմանափակումների կիրառումը սխալ քայլ է, քանի որ այն մարդկանց տրամադրում է Եվրասիական տնտեսական միության դեմ։ «Իզվեստիա»-ի լրագրողի հարցին ի պատասխան այս մասին ասել է  ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն՝ անդրադառնալով Հայաստանի գյուղմթերքի արտահանման նկատմամբ սահմանափակումներին։

«Կարծում եմ՝ դրանք սխալ քայլեր են, որովհետև մարդկանց տրամադրում են ԵԱՏՄ-ի դեմ։ Իսկ ես, որպես ԵԱՏՄ բարձր պաշտոն զբաղեցնող պաշտոնյա, դա համարում եմ խնդիր։ Բայց մենք բոլոր խնդիրները կլուծենք»,-ասել է վարչապետը։

Լրագրողի հարցին, թե արդյոք Հայաստանը ընդունո՞ւմ է գյուղատնտեսական արտադրանքի հետ կապված, մասնավորապես՝ բուսասանիտարական վերահսկողության ոլորտում առկա խնդիրների գոյությունը, Փաշինյանը պատասխանել է, որ առանձին ընկերությունների դեպքում նման խնդիրներ կարող են լինել։

«Առանձին ընկերությունների մոտ խնդիրներ կան, և այդպես է ամենուր, նաև՝ Ռուսաստանում։ Բայց, ընդհանուր առմամբ, մենք ունենք շատ լավ վերահսկողության համակարգ, և շարունակում ենք բարելավել մեր գյուղատնտեսական արտադրանքի որակը»,-նշել է նա։

 

  • Կիսվել: