երեքշաբթի, օգոստոս 11
11 / 8 / 2026
Էական չէ, թե որ մայրաքաղաքում են բանակցությունները, էական է այն, որ Արցախը դիտարկվում է Ադրբեջանի կազմում. Մամիջանյան

Էական չէ, թե որ մայրաքաղաքում են բանակցությունները, էական է այն, որ Արցախը դիտարկվում է Ադրբեջանի կազմում. Մամիջանյան

Հայաստանն այս պահին առաջնորդվում է չարչիական դիվանագիտության սկզբունքով՝ փորձում է այս կամ այն աշխարհաքաղաքական կենտրոնում մեկը մյուսից բամբասելով ու բողոքելով մնալ ջրի երեսին. Դա շատ կարճ կյանք ունեցող քաղաքականություն է միջազգային հարաբերությունների տեսանկյունից: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը:

«Եկեք փաստենք, որ Հայաստանը՝ հանձինս Նիկոլ Փաշինյանի, համաձայնություն տվեց միաժամանակ եթե չասեմ իրարամերժ, ապա շատ մեծ տարբերություններ ունեցող լուծումներին: Հիմա եթե դուք գնաք մեկին ինչ-որ բան վաճառելու, այն առաջարկեք 1000 դրամով, հետո առաջարկեք 500 դրամով, եւ դիմացինն ասի՝ ես երկուսին էլ համաձայն եմ: Դուք խելագար չեք լինի՞ եթե վաճառեք ավելի էժան գնով: Հայաստանին առաջարկված էր լուծում լուծում, որով Արցախը մնալու էր առնվազն այս նույն կարգավիճակով, միաժամանակ Եվրոպայի կողմից առաջարկված էր մի լուծում, որտեղ Արցախի մասին հիշատակում չկար: Հայաստանը հայտարարել է, որ երկուսին էլ կողմ է, հիմա մենք ումից ինչ ենք պահանջում, բացի ՀՀ կառավարությունից»,-ասաց նա:

Մամիջանյանը հայտարարեց, որ իր համար խնդիր է այն, որ Արցախի կարգավիճակը դիտարկվում է Ադրբեջանի կազմում. «Ինձ համար խնդիր է, որ Արցախի ինքնորոշման իրավունքը որեւէ տեղ արտացոլված չէ, հայկական կողմը գնացել է Հայաստանի համար շատ ավելի պարտվողական մոտեցման, այսպես կոչված ազատությունների եւ իրավունքների երաշխավորման տարբերակով, որը նույնիսկ աղերս չունի ինքնորոշման իրավունքի հետ: Այնպես որ ինձ համար էական չէ, թե որ մայրաքաղաքում են բանակցությունները, ինձ համար էական է դրա բովանակությունը»,-ասաց Մամիջանյանը:

  • Կիսվել: