ուրբաթ, հունիս 6
6 / 6 / 2025
Ե՛վ մենք, և՛ ԱՄՆ վարչակազմը, շատ այլ գործընկերներ աշխարհում համարում ենք, որ պատմական հնարավորություն կա Հվ. Կովկասում ունենալու այդ խաղաղությունը. Միրզոյան

Ե՛վ մենք, և՛ ԱՄՆ վարչակազմը, շատ այլ գործընկերներ աշխարհում համարում ենք, որ պատմական հնարավորություն կա Հվ. Կովկասում ունենալու այդ խաղաղությունը. Միրզոյան

ԱՄՆ-ի հետ երկկողմ օրակարգից բացի՝ տեսնում ենք նոր վարչակազմի ընդգծված հետաքրքրություն խաղաղության օրակարգին լայն աշխարհում և, մասնավորապես, Հարավային Կովկասում խաղաղության օրակարգի առաջմղման ու երկարաժամկետ խաղաղության հաստատման ուղղությամբ: Այդ մասին ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստի ժամանակ՝ 2024-ի պետբյուջեի կատարողականի նախնական քննարկումներին, ասաց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը:

«Ե՛վ մենք, և՛ ԱՄՆ վարչակազմը, ինչպես նաև շատ այլ գործընկերներ աշխարհում համարում ենք, որ իրականում պատմական հնարավորություն կա Հարավային Կովկասում ունենալու այդ խաղաղությունը: Կա հնարավորությունների բավականին լայն պատուհան:

Իհարկե, առանցքայինը մեր կարգավորման գործընթացն է Ադրբեջանի հետ, և այս առումով ևս այս տարվա առաջին կիսամյակում առիթներ եղել են, քննարկումներ ունեցել ենք»,- ասաց Միրզոյանը, հիշեցրեց Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակում Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ հանդիպման մասին, ինչպես նաև Ալբանիայի մայրաքաղաքում վարչապետ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի զրույցի մասին:

«Մենք հույս ունենք, որ առաջիկայում այս խոսակցությունն ավելի գործնական և համգանանալից կերպով հնարավոր կլինի շարունակել»,- ասաց նա:

Ըստ Միրզոյանի՝ տարվա առաջին կիսամյակի «աննախադեպ ձեռքբերումը» Հայաստան-Ադրբեջան կարգավորման մասով պայմանագրի տեքստի համաձայնեցումն էր, տեքստի շուրջ ավարտված բանակցությունները:

«Հայաստանը հայտարարեց և այսօր էլ հայտարարում է, որ մենք պատրաստ ենք րոպե առաջ սկսել խորհրդակցություններ՝ որոշելու ստորագրման օրը, տեղը: Ադրբեջանն իր դիրքորոշումներն է հայտարարում, կան որոշակի նախապայմաններ»,- ասաց նա՝ նշելով, որ նախապայմանները վերաբերում են Մինսկի խմբի և դրան վերաբերող կառույցների լուծարմանը:

Ըստ Միրզոյանի՝ հայկական կողմի համար այդ օրակարգը հասկանալի և ընդունելի է, բայց կան «տեխնիկական նյուանսներ», այն է՝ Մինսկի խմբի լուծարման գործընթացը պետք է սկսվի խաղաղության պայմանագրի ստորագրմանը զուգահեռ:

«Երբ կլինի ինստիտուցիոնալիզացված խաղաղություն, իսկ ես այս տերմինի տակ նկատի ունեմ խաղաղության հաստատման ստորագրված փաստաթուղթ, և կոնֆլիկտը կավարտվի թղթի վրա, տրամաբանորեն հարկ չի լինի ունենալ այս կոնֆլիկտին վերաբերող որևէ կառույց միջազգային հարթակներում»,- ասաց նա:

  • Կիսվել: