հինգշաբթի, հունիս 18
18 / 6 / 2026
Ձայնագրությունում խոսքը այլ՝ երրորդ, անձի մասին է, վարույթի համար իրավական հիմք չկա․Վարդևանյան

Ձայնագրությունում խոսքը այլ՝ երրորդ, անձի մասին է, վարույթի համար իրավական հիմք չկա․Վարդևանյան

Գործի բովադնակային հանգամանքները հասանելի չեն այս պահին, բայց Հակակոռուպցիոն կոմիտեն հանրայնացրել էր բովանդակությունը, և, ըստ էության, մենք չենք կարող խոսել նախաքննական գաղտնիքի ռեժիմի մասին, որովհետեւ ձայնագրությունը հանրայնացվել էր։ Այս մասին, այսօր՝ հունիսի 17–ին, ԿԸՀ–ի դիմաց լրագրողների հետ զրույցում նշեց «Ուժեղ Հայաստան» դաշինքի ընտրական ցուցակի երկրորդ համար, փաստաբան Արամ Վարդևանյանը՝ անդրադառնալով նրան, որ ԿԸՀ–ն այս պահին քննում է «Ուժեղ Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Դավիթ Ղազինյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցը։

«Այս պայմաններում մենք պետք է ԿԸՀ–ում խոսենք քրեական հետապնդում հարուցելու համաձայնության և ազատությունից զրկելու համաձայնության մասին։ Չէ, որ կալանքը վերաբերում է այնպիսի դեպքերին, երբ անձը կարող է խոչընդոտել, թաքնվել կամ կատարել նոր հանցանք։

Հունիսի 5-ից հանրային հասանելիություն ունեցող մի քրեական վարույթի վերաբերյալ ի՞նչ ոչ պատշաճ վարքագծի ռիսկ կարող է լինել, երբ դուք բոլորդ տեսել եք, թե ինչպես է Դավիթ Ղազինյանը բավականին հրապարակային գործունեություն իրականացնում։

Մի հանգամանք էլ նշեմ, ձայնագրությունը, վստահ եմ՝ դուք բոլորդ լսել եք։ Խոսքը երրորդ անձի՝ մեկ այլ անձի մասին զրույց ունենալու կոնտեքստ է»,–ասաց Վարդևանյանը։

Նա տեղեկացրեց, որ բացի Ղազինյանից միջնորդություն կա նաև իրենց գործընկերներից Եղիազարյանի վերաբերյալ, որը կքննվի Դավիթ Ղազինյանի վերաբերյալ միջնորդությանը հաջորդող ժամանակահատվածում։

Վարդևանյանը հայտարարեց, որ քրեական վարույթի տեսանկյունից հիմնավորվածության մակարդակը զրոյական է

Անդրադառնալով նրան, որ հրապարակված ձայնագրության մեջ ասվում է. «Ղազինյան Դավոն 1.400.000 դրամ տվել է Արմանին», Վարդևանյանն ասաց. «Հիմա նույն հաջողությամբ, եթե մեր ընկերոջ անվան փոխարեն ուրիշ անուն լիներ, էլի գալու էին քրեական վարո՞ւյթ հարուցեին։ Օրինակ, եթե ՔՊ անդամի վերաբերյալ դա լիներ, օրինակ, եթե մենք բաց հեռախոսակապով այդպիսի խոսակցություն ունենանք և այն ձայնագրվի, դրանից հետո քրեական վարույթ նախաձեռնելո՞ւ են։

Փաստը նա է, որ Ղազինյան Դավիթի հետ որևէ առնչություն չունեցող անձը խոսում է իր մասին, ի՞նչ իրավական հիմնավորվածության մասին ենք խոսում։ Անձին վերագրել մի բան՝ անձի հետ կապ չունեցող իրավիճակում խոսակցության պայմաններում, սա աբսուրդ է ուղղակի»,– ընդգծեց փաստաբանը։

Նա նկատեց, որ չի հիշում նման դեպք, որ նախաքննական գաղտնիք կազմող տեղեկությունը քննչականը հանրայնացնի, անցնի շուրջ երկու շաբաթ ու դրանից հետո խոսվի խափանման միջոցի մասին. «Իհարկե, մենք խոսում ենք ՔՊ–ի ԿԸՀ–ի մասին, բայց նույնիսկ այդ պայմաններում նվազագույն ողջամտության դեպքում այս միջնորդություններից առնվազն մեկը պետք է մերժվի։ Սահմանադրական դատարանը հստակ արձանագրում է, որ այս միջնորդությունները ենթակա են մերժման, եթե իրենք ուղղված են անձի քաղաքական գործունեությանը միջամտելու։ Հիմա որևէ մեկը կարո՞ղ է անաչառ դիրքերից ասել, որ այս ամենը քաղաքական գործունեության հետ առնչություն չունի»,– ընդգծեց նա։

Ավելի վաղ Հակակոռուպցիոն կոմիտեն դիմել է ՀՀ գլխավոր դատախազություն՝ պատգամավորի թեկնածու գրանցված Դավիթ Ղազինյանին անձեռնմխելիությունից զրկելու նպատակով ԿԸՀ միջնորդություն ներկայացնելու համար։

«ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողների կողմից իրականացված միջոցառումների արդյունքում փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցության Երևանի Արաբկիր վարչական շրջանի գրասենյակում որպես պատասխանատու նշանակված անձինք, ինչպես նաև նույն կուսակցության պատգամավորի թեկնածու գրանցված Դավիթ Ղազինյանը, կուսակցության համակիրների և նրանց հետ համագործակցող մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ ընտրողներին խոստացել, ինչպես նաև տվել են ընտրակաշառք:

Դեպքի առթիվ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ, ձերբակալվել են մի շարք անձինք, կատարվել են խուզարկություններ և վարութային այլ գործողություններ»,–ասված էր ՀԿԿ հաղորդագրության մեջ։

  • Կիսվել: