կիրակի, նոյեմբեր 22
22 / 11 / 2026
Դպրոցներում ունենք մասնագետների պակաս, ինչպե՞ս ենք լրացնելու այս բացը, սա՞ էլ ենք տանում դեպի արհեստական բանականություն. Անդրանիկ Գևորգյանը՝ նախարարին

Դպրոցներում ունենք մասնագետների պակաս, ինչպե՞ս ենք լրացնելու այս բացը, սա՞ էլ ենք տանում դեպի արհեստական բանականություն. Անդրանիկ Գևորգյանը՝ նախարարին

«Բուհերում դասախոսների հետ պայմանագրերը չեն երկարացվում, դպրոցներում ունենք մասնագետների պակաս։ Ինչպե՞ս ենք լրացնելու այս բացը։ ChatGPT-ին էինք հղում անում, սա՞ էլ ենք տանում դեպի արհեստական բանականություն»,- ԱԺ նիստում այս հարցադրումներն «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Գևորգյանն ուղղեց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանին։ 

Որպես օրինակ բերեց դպրոցներից մեկը, որն այսօրվա դրությամբ ֆիզիկայի ուսուցիչ չունի, այսինքն սեպտեմբերի 1-ից մինչ օրս ֆիզիկայի ուսուցիչ չի մտել այդ դպրոց։

Ժաննա Անդրեասյանն ասաց, որ գիտությունը բուհերում էապես զարգանում է, երիտասարդ գիտնականների մի զգալի մասը բուհերի շնորհիվ է գնում գիտություն։

«Ինչ վերաբերում է դասախոսական կազմի փոփոխություններին, բնականոն գործընթաց է, յուրաքանչյուր տարի յուրաքանչյուր հաստատություն կադրային հոսք է լինում։ Այն մարդիկ, ովքեր ունեն որևէ դժգոհություն կամ հարցադրում իրենց հետագա աշխատանքի շարունակության վերաբերյալ, ազատ են դիմել դատարան։ Որոշ դեպքերում ունենք նման գործընթացներ, վստահ եմ՝ այդ հարցերը կունենան իրավական դաշտում լուծումներ»,- նշեց նա։

Ինչ վերաբերում է Երևանի Դերենիկ Դեմիրճյանի անվան հ.27 հիմնական դպրոցը ֆիզիկայի ուսուցիչ չունենալուն, նա նախ ասաց, որ ամբողջությամբ թվայնացրել են ուսուցիչների մրցույթի դիմելու գործընթացը, ինչպես նաև այս ուսումնական տարում 4000 նոր ուսուցիչներ են մուտք գործել դպրոցներ, որոնցից 85 տոկոսը մինչև 40 տարեկան են։

«Կարող է որևէ դպրոցում լինել ուսուցչի ներգրավման խնդիր։ Դա առաջին հերթին տնօրենի խնդիրն է, նախարարը չպետք է  գնա, ամեն դպրոցում ուսուցիչ ընտրի։ Կա ՊՈԱԿ-ի տնօրեն, պետք է հարցնել՝ ինչու սեպտեմբերից մինչև հիմա չի ապահովվել պատշաճ մրցութային կարգով ուսուցչի ներգրավում։

Վստահ եղեք՝ ես այդ հարցը պատրաստվում եմ տալ, պատասխանը կհրապարակեմ՝ տեսնելու, թե ով և ինչպես է թերացել իր աշխատանքում»,- ասաց նա։   

  • Կիսվել: