Դավիթ Համբարձումյանն արժանի թեկնածու է. այս պայքարը ոչ թե իշխանության համար է, այլ՝ իշխանափոխության. Սերժ Սարգսյան
Դավիթ Համբարձումյանը արժանի է վարչապետի թեկնածու լինելուն, նա ի վիճակի է այդ ուղղությամբ լուրջ պայքար մղելու։ Այս մասին, այսօր դատարանի շենքի դիմաց լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչու ՀՀԿ–ն վարչապետի թեկնածու առաջադրեց Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանին։
Հարցին՝ չկա՞ր ավելի ոչ խոցելի թեկնածու՝ հաշվի առնելով, որ նրան որոշակի կրիմինալ կոնտեքստ են հաղորդում, երրորդ նախագահը պատասխանեց. «Ում էլ առաջադրեինք, ակնհայտորեն մեծ հակազդեցության էր արժանանալու։ Նախորդ անգամ, երբ հարցրեցիք, թե ինչու թեկնածու չենք առաջադրում, ես ասացի, որ մեր պարագայում հակազդեցությունը շատ մեծ է։ Կարծում եմ՝ հիմա դրանում համոզվեցիք։
Այո, մենք իշխանության չենք հավակնում, այս պայքարը ոչ թե իշխանության համար է, այլ իշխանափոխության, մի՞թե պարզ չի բոլորիս համար։ Ումով ուզում է փոխեն, միայն թե իշխանափոխություն լինի»։
Վտանգ չկա՞, որ մրից դուրս գանք, մրջուրն ընկնենք, հարցին էլ արձագանքեց. «Ոչ, որովհետեւ սա մուր չի, սա ճահիճ է»։
Նա համոզմունք հայտնեց, որ իմպիչմենտի գործընթացը գեներացնելու է փողոցային պայքար. «Իհարկե, գեներացնելու է, բա առանց փողոցի ո՞նց կլինի»։
Սերժ Սարգսյանը նաեւ չբացառեց քաղաքացիական պատերազմը. «Ես բոլոր վտանգներն էլ տեսնում եմ։ Այս իշխանության պարագայում ամենաանհավանական բաներ կարող են լինել»։