երեքշաբթի, հուլիս 21
21 / 7 / 2026
Դատավորների վարկանիշը պետք է Փաշինյանը որոշի․ Հակակոռուպցիոն կոմիտեն արշավ է սկսել

Դատավորների վարկանիշը պետք է Փաշինյանը որոշի․ Հակակոռուպցիոն կոմիտեն արշավ է սկսել

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերջին ճեպազրույցում բաց տեքստով հայտարարեց, որ դժգոհ է դատաիրավական համակարգի աշխատանքից՝ ընդգծելով, որ ոլորտում առկա խնդիրները շարունակում են մնալ օրակարգում։ Այդ հայտարարությունից անմիջապես հետո իրավապահ համակարգում սկսվել են նոր գործընթացներ։

«Ժողովուրդ» օրաթերթն ավելի վաղ տեղեկացրել էր, որ իշխանության ներսում քննարկվում են դատական համակարգում նոր կոշտ քայլեր, այդ թվում՝ դատավորների նկատմամբ քրեական վարույթների ակտիվացում, հնարավոր ձերբակալություններ և պաշտոնանկություններ։

Այս ֆոնին ուշագրավ զարգացում է արձանագրվել։

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Արթուր Նահապետյանը պաշտոնական գրությամբ դիմել է ՀՀ արդարադատության նախարարություն՝ բարձրացնելով helpcourt.am հարթակի գործունեության վերաբերյալ ինստիտուցիոնալ մտահոգություններ։

Ի՞նչ կայքի մասին է խսսքը

HelpCourt.am-ը 2017 թվականից գործող դատական գնահատման հարթակ է՝ ստեղծված փաստաբան Լևոն Սահակյանի կողմից, որտեղ փաստաբանները հրապարակայնորեն գնահատում և վարկանիշավորում են դատավորներին ու նրանց դատական ակտերը։ Այսօրվա դրությամբ ամենաբարձր վարկանիշ ունեցող դատավորը՝ ըստ փաստաբանական համայնքի, Արման Հովհաննիսյանն է, իսկ ամենացածրը՝ ՍԴ դատավոր Սեդա Սաֆարյանը:

Գրության մեջ, մասնավորապես, նշվում է.

«…ներկայացնելով «helpcourt.am» հարթակի գործունեության վերաբերյալ առկա ինստիտուցիոնալ մտահոգությունները՝ անդրադարձ կատարելով այն հնարավոր ռիսկերին, որոնք կարող են առնչվել դատավորների անկախության երաշխիքներին, ինչպես նաև դատավորների նկատմամբ ոչ ֆորմալ ազդեցության, կախվածության կամ ճնշման ձևավորման հնարավորությանը»։

Ավելին, Հակակոռուպցիոն կոմիտեն նախարարությանը առաջարկել է քննարկել ոչ միայն տվյալ հարթակի, այլև դատավորներին գնահատող ու դասակարգող այլ մասնավոր հարթակների գործունեության սահմանափակման հարցը։

Գրության մեջ նշված է.

«Առաջարկվել է քննարկել նշված, ինչպես նաև դատավորներին հրապարակայնորեն դասակարգող և վարկանիշավորող այլ հնարավոր մասնավոր հարթակների գործունեությունն օրենսդրական կարգավորմամբ արգելելու նպատակահարմարության հարցերը»։

Փաստացի, մինչ դատական համակարգում սպասվող կադրային և իրավական գործընթացների մեկնարկը, իշխանությունը ուշադրությունը կենտրոնացնում է նաև այն հարթակների վրա, որոնք գնահատում կամ վերլուծում են դատավորների գործունեությունը։

Թեև պաշտոնապես նախաձեռնությունը հիմնավորվում է դատավորների անկախության ապահովման անհրաժեշտությամբ, այն արդեն իսկ քննարկումների առիթ է տվել իրավական համայնքում, քանի որ հարց է առաջանում՝ որտեղ է ավարտվում դատավորի անկախության պաշտպանությունը և որտեղ է սկսվում հանրային վերահսկողության սահմանափակումը։

Այսպիսով, վարչապետի՝ դատաիրավական համակարգից դժգոհության հրապարակային հայտարարությունից հետո իշխանության առաջին ինստիտուցիոնալ քայլերից մեկը վերաբերում է ոչ թե դատական համակարգի կառուցվածքային բարեփոխումներին, այլ դատավորների գործունեությունը մասնագիտական հանրույթի կողմից գնահատող մասնավոր հարթակների նկատմամբ օրենսդրական սահմանափակումների հնարավորությանը։ Իսկ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ դատական համակարգում սպասվող զարգացումները դրանով չեն ավարտվելու։

  • Կիսվել: