«Չուզեցի, չառաջադրվեցի». ինչու Անդրանիկ Քոչարյանը հանձնաժողովի նախագահ չառաջադրվեց
«Ես փոխում եմ սլաքները». Անդրանիկ Քոչարյանը չի մտնելու պաշտպանության հանձնաժողով, գնում է պետաիրավական
Ես շատ հստակ ասել եմ, թե որ ձևաչափի դեպքում, եթե առաջադրում լինի և ինձ առաջադրեն, ոնց որ նախկինում է եղել, այդ ժամանակ, բնականաբար ես իմ կարծիքը կհնչեցնեմ, բայց քանի որ կուսակցությունը պետք է որոշեր և առաջադրման խնդիրը մի քիչ այլ ձևաչափով էր, ես որոշումը կայացրեցի և իրացրեցի այդ որոշումը՝ չառաջադրվել, և դա շատ նորմալ էր։ Այս մասին, այսօր՝ օգոստոսի 3–ին ԱԺ–ում լրագրողների հետ ճեպազրույցում նշեց ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչու ինքը չի առաջադրվել ԱԺ պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի նախագահի պաշտոնում։
«Վերջին հաշվով ութ տարի ես ղեկավարում եմ այս հանձնաժողովը, և հանձնաժողովը ութ տարվա ընթացքում բավականին մեծ արդյունք է ցույց տվել։ Բավական է քառօրյա պատերազմի քննիչ հանձնաժողովի զեկույցը և 44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողովի զեկույցը, և կարծում եմ, որ հանձնաժողովը այդ առումով շատ հաջողել է։ Հուսով եմ, որ հանձնաժողովի նոր նախագահ՝ հանձնաժողովի նոր կազմով իր առջև դրված օրենսդրական խնդիրները կկատարի»,–ասաց նա։
Քոչարյանը տեղեկացրեց, որ ինքը այդ հանձնաժողովում չի լինելու. «Ես արդեն առաջադրվել եմ պետաիրավական հարցերի հանձնաժողովի անդամ։ Ես այս ոլորտում էլ վատ չեմ, որովհետև մի մոռացեք, որ պետաիրավական հանձնաժողովի տիրույթում են գտնվում քննչական մարմինները, գլխավոր դատախազի, համապատասխան մարմինների զեկույցները, որոնք առնչվում են նաև անվտանգային խնդիրներին, որտեղ իմ փորձառությունը շատ օգտակար կլինի։
Մեսչյանը մի երգ ուներ՝ «Ես փոխում եմ սլաքները»։ Հիմա նոր իրողություն է, նոր դիրքում կարծում եմ՝ նոր խոսք պետք է բերել, որը էլի առնչվելու է մեր երկրի անվտանգությանը»։



