ուրբաթ, նոյեմբեր 13
13 / 11 / 2026
Չեք կարող նշել մի երկիր, որը նեգատիվ վերաբերմունք ունի TRIPP–ի նկատմամբ. ԱԳՄԱՆ գլխավոր քարտուղար

Չեք կարող նշել մի երկիր, որը նեգատիվ վերաբերմունք ունի TRIPP–ի նկատմամբ. ԱԳՄԱՆ գլխավոր քարտուղար

Հայաստանը մտադիր չէ բաց թողնել TRIPP նախագծի իրագործմամբ ընձեռվող պատմական հնարավորությունը։ Հայաստանի բոլոր հարևան երկրներն ու տարածաշրջանային այլ գործընկերները, որոնք կարող են շահել նախագծի գործարկումից, դրական են գնահատում այս նախաձեռնությունը։ Այս մասին Համաշխարհային հայկական երկրորդ գագաթնաժողովի ժամանակ հայտարարել է Հայաստանի արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարության գլխավոր քարտուղար Դավիթ Կարապետյանը։

«Հայաստանի համար պատմական հնարավորություն է ընձեռվել, և մենք այն բաց չենք թողնի։ Գործընթացն այնքան բաց և թափանցիկ է ընթանում, որ կարող եք հանգիստ հետևել դրան՝ կառավարության նիստերի նյութերով, վարչապետի հարցազրույցներով և հայտարարություններով», — ասել է Կարապետյանը։

Նա նաև տեղեկացրել է, որ Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը ներկայումս ծովային լոգիստիկայի ոլորտում քաղաքականություն է մշակում։ Նրա խոսքով՝ Հայաստանը պետք է մտածի, թե ինչպես առավել արդյունավետ օգտվի այն նոր հնարավորություններից, որոնք ի հայտ են գալիս տարածաշրջանային տրանսպորտային ու տնտեսական կապերի շնորհիվ։

Կարապետյանն ընդգծել է, որ TRIPP-ի նկատմամբ դրական վերաբերմունք են դրսևորում ինչպես Հայաստանի հարևան պետությունները, այնպես էլ տարածաշրջանի մյուս գործընկերները, այդ թվում՝ Իրանը։

«Չեք կարող մատնանշել որևէ երկիր, որը բացասաբար է վերաբերվում TRIPP նախագծին։ Հենց այս կոնսենսուսն էլ կապահովի կայունություն և կանխատեսելիություն տարածաշրջանում, ինչպես նաև թույլ կտա իրացնել առևտրատնտեսական այն հնարավորությունները, որոնք կբացվեն արդեն մոտ ապագայում», — հայտարարել է ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղարը։

  • Կիսվել: