երկուշաբթի, օգոստոս 10
10 / 8 / 2026
Չենք տապալում ընտրությունը. Արուսյակ Մանավազյանը՝ Արամ Վարդևանյանին ընտրելու որոշման մասին

Չենք տապալում ընտրությունը. Արուսյակ Մանավազյանը՝ Արամ Վարդևանյանին ընտրելու որոշման մասին

Ընդդիմությունը մեր թեկնածուներին կողմ ձայն չի տվել, թեև առավել քան արժանի էին մեր թեկնածուները։ Ամեն դեպքում որոշում խմբակցության ունենք, որպեսզի բավարար ձայներ տրամադրենք։ Այսինքն՝ չենք տապալում ընտրությունը, թեև համամիտ չեմ այն կարծիքի հետ, որ դա մեր պարտավորությունն է։ Այդ մասին լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Արուսյակ Մանավազյանը՝ հիշեցնելով, որ կարող էին նաև չընտրել, և ընդդիմությունը ստիպված լիներ երկրորդ, երրորդ անգամ թեկնածու առաջադրեր։

Նա նաև հայտարարեց, որ իշխող խմբակցությունից 13 պատգամավոր ընտրելու է Արամ Վարդևանյանին, և որ խմբակցության ներսում է որոշվել, թե ովքեր են լինելու ընտրողները:

Լրագրողի հարցին՝ դիրքորոշման փոփոխությո՞ւն է եղել ընդդիմության հետ ավելի կառուցողական դաշտ մտնելու հարցում, Մանավազյանը պատասխանեց՝ նախորդ 5 տարիներին հնարավոր ամեն բան արվել է Ազգային ժողովի վարկանիշը նսեմացնելու և ցածրացնելու համար, և այսօր մենք մեր աշխատանքով, պահվածքով, նաև խոսքի բարեվարքությամբ և մոտեցմամբ փորձում ենք ավելի կառուցողական դաշտ բերել ԱԺ աշխատանքը:

«ԱԺ նախագահը «զրոյական կետ» է հայտարարել և կոչ է արել, որպեսզի Ազգային ժողովում որևէ սահման չհատվի, և աշխատանքային կառուցողական մթնոլորտում անցնեն բոլոր քննարկումները, չնայած բոլոր սուր քննադատություններին և հայտարարություններին դրանք քաղաքական տեքստեր են, որոնք հնչելու են, լինելու են, և միշտ լինելու են քննադատություն ու սուր ելույթներ»,- ասաց նա։

  • Կիսվել: