շաբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2025
Բրյուսելում գիտեն, որ ադրբեջանական կողմը գոհ չէ, որ մենք այստեղ ենք. հարցազրույց ԵՄ առաքելության ղեկավարի հետ

Բրյուսելում գիտեն, որ ադրբեջանական կողմը գոհ չէ, որ մենք այստեղ ենք. հարցազրույց ԵՄ առաքելության ղեկավարի հետ

ՀՀ-ում  ԵՄ դիտորդական առաքելության երկու ամյակի կապակցությամբ կազմակերպված ընդունելությանը  առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերը պատասխանել է լրագրողների հարցերին: Պատասխանները ներկայացնում ենք ստորեւ.

Պարոն Ռիտտեր, կա՞ արդյոք ԵՄ դիտորդական առաքելության հետագա ընդլայնման հնարավորություն։ Գիտենք, որ ունեք ավելի քան 200 անդամ, բայց ապագայում ի՞նչ է լինելու ձեր առաքելության հետ:

Մեր ներկայիս մանդատով ունենք 225 աշխատակցի տեղ։ Խոսքը եւ ազգային, և միջազգային աշխատակիցների համար է: Այս պահին մենք 179-ն ենք, հաջորդ ամիսներին ուզում ենք փորձել լրացնել մյուս տեղերը, որպեսզի կարողանանք նորմալ աշխատել։

Իսկ Կիրանցում արդեն սահմանազատված հատվածը մշտադիտարկու՞մ եք։

Այո, անում ենք։ Մենք դա անում ենք առաքելության մեկնարկից ի վեր: Պարզպես անցյալ տարվա մայիսին, երբ քննարկումներ էին ընթանում, հեռու մնացինք այդ հատվածից։ Մենք պայմանավորվեցինք կառավարության հետ, որ հեռու կմնանք այնքան ժամանակ, քանի դեռ պարզ չէ, թե ինչ արդյունք է լինելու, բայց հիմա ամեն ինչ կազմակերպված է, և մենք պարեկություն ենք անում այնտեղ:

Այդ հատվածում ինչպե՞ս եք գնահատում վիճակը։

Մեզ համար դա հիմա հստակ գծված սահման է։  Զինվորականները հետ են քաշվել, այժմ այն  երկու կողմից հսկում են սահմանապահները։ Այսպիսով, մեր կարծիքով դա շատ հանգիստ և խաղաղ սցենար է, ուստի մեզ համար լավ զարգացում է այն, ինչ մենք տեսնում ենք:

Իսկ ի՞նչ կասեք սահմանի մնացած հատվածի մասին, որոնք դուք մշտադիտարկում եք։ Կա՞ն արդյոք մտահոգիչ դիտարկումներ։

Մնացած հատվածը դեռեւս ռազմական դիմակայության գիծ է, տարածքների մեծ մասը հեռավոր վայրերում են։ Մենք տեսնում ենք, որ դեմարկացիան եւ դելիմիտացիան հիմա չեն շարունակվում, առայժմ միայն այն է, ինչ պայմանավորվել էին անցած տարվա մայիսին, ուստի սպասում ենք իրադարձությունների զարգացմանը։ Լավ է, որ այն շարունակվելու է Հայաստանի հյուսիսում, դա մեզ ուրախացնում է։

Անցյալ շաբաթ դուք նշեցիք, որ երկու կողմում էլ նախապատրաստական աշխատանքներ են ընթանում։ Ինչի՞ են պատրաստվում կողմերը։

Չգիտեմ, թե ինչի են պատրաստվում։ Մենք տեսնում ենք, որ երկու կողմերն էլ ամրացնում են իրենց դիրքերը։ Այնպես որ, նպատակների մասին հարցը պետք է ուղղել Հայաստանի եւ Ադրբեջանի զինված ուժերին։

Ադրբեջանական կողմի հետ բանակցությունների կետերից մեկը վերաբերում է նրան, որ առաքելությունը ինչ-որ պահի կարող է դուրս գալ սահմանի դելիմիտացված հատվածից։ Ինչպե՞ս սա կարող է ազդել առաքելության վրա։

Ինչպես գիտեք, մենք պարեկության երկու առաջադրանք ենք կատարում։ Պարեկություն ենք անում անմիջապես սահմանին և սահմանամերձ բնակավայրերում։ Այցելում ենք գյուղեր,  խոսում բնակիչների հետ, այս մասով մեր աշխատանքը կշարունակվի, մյուսը՝ կախված է Հայաստանի իշխանությունից։ Մենք այստեղ ենք Հայաստանի կառավարության հրավերով, և եթե նրանք մի օր մեզ ասեն, որ մի հատվածում այլևս մեր կարիք չկա, մենք անպայման կհետևենք դրան, բայց այս պահին մենք շարունակում են պարեկությունը։

Քանի որ Ադրբեջանը դեմ է ԵՄ առաքելությանը, եղե՞լ են դեպքեր, երբ Ադրբեջանը խոսել է, օրինակ, Ադրբեջանում ԵՄ պատվիրակության հետ իր մտահոգությունների մասին։

Ես գիտեմ, որ շատ խոսակցություններ կան։ Բրյուսելում գիտեն, որ ադրբեջանական կողմը գոհ չէ, որ մենք այստեղ ենք, բայց ես կարող եմ միայն կրկնել, թե ինչ ենք մենք այստեղ անում։ Մենք հետևում ենք սահմանին իրավիճակին, մենք չենք լրտեսում Ադրբեջանի դեմ։ Ոչ մեկին չենք վնասում։ Մենք շատ բաց ենք գործում։ Երբ գնում ենք սահման, միշտ տեսանելի կերպով ենք գործում։ Բոլորը տեսնում են, որ մենք այնտեղ ենք։ Մենք կանգ ենք առնում երկու կողմերի համար տեսանելի դիտակետերում Եվրամիության հստակ տարբերանշաններով մեր մեքենաներով, նայում ենք, թե ինչ են անում երկու կողմերը։ Լուսանկարում ենք և զետեղում Բրյուսել ուղարկվող զեկույցներում։ Առաքելության դիտորդների մեծ մասը ոստիկաններ են։ Նրանք նույնիսկ ռազմական պատրաստություն չունեն։ Սա է այն, ինչ մենք անում ենք, և սա այն է, ինչ հիմա էլ նախատեսում ենք շարունակել մեր նոր մանդատի շրջանակում։

  • Կիսվել: