ուրբաթ, հունիս 12
12 / 6 / 2026
ԲՀԿ-ն պահանջում է վերաքվեարկություն երկու տեղամասերում. փորձում են հանդիպել ԿԸՀ նախագահի հետ

ԲՀԿ-ն պահանջում է վերաքվեարկություն երկու տեղամասերում. փորձում են հանդիպել ԿԸՀ նախագահի հետ

ԿԸՀ շենքի դիմաց բողոքի ակցիա անցկացնող ԲՀԿ անդամները փորձում են հանդիպել ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանի հետ։ Նրանք պահանջում են, որ վերաքվեարկություն լինի երկու ընտրատեղամասերում, որոնց արդյունքները անվավեր են ճանաչվել։

ԲՀԿ ցուցակում ընդգրկված Սուրեն Սուրենյանցը լրագրողների հետ զրույցում նշեց. «Նախ, ընտրական վերաբերմունք են դրսևորել, որ ԲՀԿ–ին ֆիլտրեն, չթողնեն անցնի խորհրդարան։ Մենք ասում ենք՝ լավ, անվավեր եք ճանաչել, ինչո՞ւ կրկնակի քվեարկություն չեք նշանակել։ Կամ այս որոշումը ամսի 14–ին պետք է կայացվեր ու միանգամից կրկնակի քվեարկություն նշանակվեր, կամ սենց գիշերային խորհրդավոր որոշում չպետք է կայացվեր։ Իրենք ամեն ինչ անում են ԲՀԿ–ին ֆիլտրելու համար, ցանկացած մեթոդի գնում են։  Ընթացակարգի խախտումը մեզ մոտ լեգիտիմ կասկած է առաջացնում, որ նպատակն ազնիվ չէ»,–ասաց նա։

 

Սուրենյանցը նկատեց, որ եթե այս երկու ընտրատեղամասում արդյունքները ԿԸՀ–ն անվավեր է ճանաչել, ինչու անվավեր չի ճանաչել այն ընտրատեղամասում, որտեղ թիվ 8 քվեաթերթիկը բացակայել է։

Մենք ասել ենք, որ քաղաքական, իրավական, ամբողջ գործիքակազմն օգտագործելու ենք մեր ընտրողի ցանկացած քվե պաշտպանելու համար, և երկրորդը, որպեսզի ընտրությունների ընդհանուր օրինականությունը վերականգնենք»,–ասաց նա։

Սուրենյանցը համոզմունք հայտնեց, որ իշխանության այս գործելակերպը պայմանավորված է վախերով,. «Խնդիր ունի Նիկոլ Փաշինյանը 3/5 գոնե ապահովել խորհրդարանում, որպեսզի սահմանադրական օրենքներ կարողանան միայն իրենց ֆրակցիայով ընդունեն, որպեսզի սահմանադրական պաշտոններում միայն իրենց ֆրակցիայով նշանակումներ անեն։ Քանի որ ԲՀԿ-ի մուտքը խորհրդարան կոնֆիգուրացիան փոխում է և իրենք զրկվում են նույնիսկ 3/5–ից, որոշել են դիմել ցանկացած մեթոդի, իրենց համար կոմֆորտ կարգավիճակը ապահովելու համար։

Հետո մի մոռացեք, որ ընտրարշավի ժամանակ մենք ասում էինք, որ Նիկոլ Փաշինյանը լիքը արտաքին պարտավորություններ ունի ստանձնած, այդ թվում Ալիևի առաջ։ Հիմա եկել է այդ գինը վճարելու ժամանակը, իսկ եթե ԲՀԿ–ն ներկա է խորհրդարանում, ինքը խիստ խոցելի լեգիտիմություն ունի։ Այդ խոցելի լեգիտիմությամբ այդ արտաքին պարտավորությունները կատարել չի կարող։ Կոպիտ ասած ԲՀԿ-ի ներկայությունը խորհրդարանում խաթարում է Նիկոլ Փաշինյանի Ալիևի երջանիկ վասալ լինելու կարգավիճակը»,– հայտարարեց նա։

«Եթե այս բեսպրիդելը շարունակվի, աստիճանաբար այս հավաքը ձնագնդի պես մեծանալու է և իշխանությունը կզգա հասարակության ցասումը։ Այս իշխանության ճգնաժամ այս ընտրություններով չի հաղթահարվել։ Այս պահից հաշվեք, որ իրենց հեռացման հետ հաշվարկի ժամանակացույցը միացված է։ Մի ամսից կլինի դա, թե երկու ամսից, ես քաղաքական գործիչ եմ, որ անում է իր անելիքը, երբ արդյունքի կհասնեմ, չեմ կարողա ասել»,– ընդգծեց քաղաքական գործիչը։

Հիշեցնենք, որ երեկ ԿԸՀ–ն որոշում է կայացրել անվավեր ճանաչել երկու ընտրական տեղամասերի (35/65 և 10/51)  արդյունքները։

ԿԸՀ–ի փոխանցմամբ, այդ ընտրատարածքներում քվեարկության մասնակիցների թիվը արձանագրվել է որպես անճշտությունների գումարային չափ:

  • Կիսվել: