ԲՀԿ–ն բողոքի ակցիա է իրականացնում ԿԸՀ–ի մոտ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը կոչ է արել իշխանությունների գործողություններից դժգոհ բոլոր քաղաքացիներին հավաքվել ԿԸՀ շենքի մոտ։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հունիսի 11-ի արտահերթ նիստում անվավեր է ճանաչել քվեարկության արդյունքները N 10/51 և N 35/65 ընտրական տեղամասերում։
«Բոլորին, ովքեր ցանկանում են բողոք հայտնել ԿԸՀ գործողությունների դեմ, հրավիրում ենք ժամը 13:00-ին ԿԸՀ շենքի մոտ, որտեղ ԲՀԿ-ն իր բողոքի ձայնը կբարձրացնի տեղի ունեցող անօրինության դեմ», - հունիսի 12-ին մամուլի ասուլիսում հայտնել է ԲՀԿ խոսնակ Իվետա Տոնոյանը։
ԲՀԿ-ում նաև հայտնել են, որ սկսվում են խորհրդակցություններ բոլոր քաղաքական ուժերի հետ՝ քաղաքացիների ընտրության իրավունքը պաշտպանելու համար։
ԲՀԿ ներկայացուցիչ Արման Աբովյանը ընդգծել է, որ տեղի է ունենում ձայների գողություն։ «Ժամը 13:00-ից մենք կլինենք ԿԸՀ շենքի մոտ։ Եթե այսօր ձեզ կոտրեն, վաղը կկոտրեն Հայաստանի Հանրապետությունը, ինչը նույնիսկ չեն թաքցնում», - ընդգծել է Աբովյանը։



