Բարձր եմ գնահատում մեր երկու երկրների միջև առկա գերազանց հարաբերությունները. Կիպրոսի ԱԳ նախարարը՝ Միրզոյանին
Կիպրոսի արտաքին գործերի նախարար Կոնստանտինոս Կոմբոսը շնորհավորական ուղերձ է հղել Արարատ Միրզոյանին Հայաստանի արտաքին գործերի նախարարի պաշտոնում վերանշանակվելու առթիվ։ Այս մասին տեղեկացել է ՀՀ արտաքին գործերի նախարարությունից։
«Ես բարձր եմ գնահատում մեր երկու երկրների միջև առկա գերազանց հարաբերությունները և շարունակում եմ հանձնառու մնալ մեր գործընկերության հետագա ամրապնդմանը՝ ինչպես երկկողմ ձևաչափով, այնպես էլ միջազգային հարթակներում։
Կիպրոսի Հանրապետությունը շարունակում է հաստատակամորեն աջակցել տարածաշրջանային խաղաղության, կայունության և համագործակցության խթանմանն ուղղված Հայաստանի ջանքերին։
Ցանկանում եմ ձեզ հավաստիացնել, որ կշարունակենք աջակցել Հայաստանի և Եվրոպական միության միջև համագործակցության խորացմանը, ինչպես նաև հայ ժողովրդի ձգտումներին համահունչ՝ եվրոպական ընտանիքի հետ առավել սերտ կապերի հաստատման Հայաստանի ջանքերին»,- նշված է Կիպրոսի ԱԳ նախարարի ուղերձում։



