Հույս ունեմ, որ շատ մոտ ապագայում այս ծրագիրն արդեն իրականություն կդառնա․ Սյունիքի մարզպետը՝ ԹՐԻՓՓ-ի մեկնարկի մասին
Հայաստանի Սյունիքի մարզի ղեկավար Ռոբերտ Ղուկասյանը ԹՐԻՓՓ-ի շինարարության նախապատրաստական աշխատանքների մեկնարկի վայրից՝ Մեղրի համայնքից, հանդես է եկել կարճ ուղերձով։
Սյունիքի մարզպետը նշել է, որ նախապատրաստական աշխատանքներին կհաջորդեն խոշոր շինարարական աշխատանքները։
«Գտնվում եմ Մեղրի համայնքում, որտեղ իրականացվում է անկախությունից ի վեր Հայաստանի ամենախոշոր ծրագրի՝ ԹՐԻՓՓ նախագծի մեկնարկը։ Այս պահին մի քանի հատվածներում արդեն աշխատանքները մեկնարկել են։ Սա պատմական իրադարձություն է, որն ուղղված է տարածաշրջանում խաղաղության հաստատմանը, նաև Հայաստանի տնտեսական զարգացմանը։
Նախապատրաստական աշխատանքներին կհաջորդեն խոշոր շինարարական աշխատանքները։ Հույս ունեմ, որ շատ մոտ ապագայում այս ծրագիրն արդեն իրականություն կդառնա՝ հանուն Հայաստանի հարատև խաղաղության և զարգացման»,- ասել է Ռոբերտ Ղուկասյանը։
«Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման»՝ ԹՐԻՓՓ նախագծի մեկնարկի կապակցությամբ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նոյեմբերի 23-ին հանդես են եկել ուղերձներով։



