Բաքուն Մոսկվային նոտա է հղել՝ Արցախում միջազգային ֆորումին Զատուլինի մասնակցության առնչությամբ
Բաքուն ՌԴ ԱԳՆ-ին պաշտոնական նոտա է հղել, որում հայտնել է ադրբեջանական կողմի մտահոգությունը՝ կապված սույն թվականի հոկտեմբերի 11-ին Արցախում անցկացված միջազգային ֆորումին ՌԴ Պետդումայի՝ ԱՊՀ, եվրասիական ինտեգրացիայի և հայրենակիցների հետ հարաբերությունների հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինի մասնակցության հետ:
Այս մասին ԱՊԱ-ի մոսկովյան բյուրոյին տեղեկացրել են Ռուսաստանում Ադրբեջանի դեսպանատնից:
«Նոտայում ռուսական կողմին խնդրվում է իր վերաբերմունքն արտահայտել բացահայտ կերպով անջատողականությունը սատարող Կոնստանտին Զատուլինի՝ մեր երկրի սուվերենության և տարածքային ամբողջականության դեմ հերթական սադրիչ հայտարարությունների նկատմամբ, որոնք խարխլում են համագործակցությունը Ադրբեջանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև, ինչպես նաև ճշտել, թե ինչ կարգավիճակով է ռուս պատգամավորն այցելել գրավյալ տարածքներ, և ում կողմից է ֆինանսավորվել այցը:
Բացի այդ՝ նոտայում ընդգծվում է համապատասխան գնահատական տալու կարևորությունը Զատուլինի հայտարարություններին, որոնք հակասում են Ռուսաստանի քաղաքական դիրքորոշմանը՝ կապված հայ-ադրբեջանական-ղարաբաղյան խնդրի կարգավորման հետ, ինչպես նաև՝ պատմական փաստերի ակնհայտ կեղծմանը և Հայաստանի կողմից օկուպացիոն քաղաքականության արդարացման փորձերին: Ընդգծվում է, որ նա, որպես պատգամավոր, պետք է պատասխանատվություն կրի իր խոսքերի և արարքների համար, ուստի խնդրվում է ՌԴ ԱԳՆ-ին՝ համապատասխան միջոցներ ձեռք առնել»,-նշվում է դեսպանության հաղորդագրության մեջ:
Նշենք, որ հոկտեմբերի 11-ին Կոնստանտին Զատուլինն Արցախում մասնակցել է «Արցախի բարեկամները՝ հանուն արդարության և խաղաղության» միջազգային ֆորումին, որին մասնակցել են պատվիրակություններ Եվրոպայի տասնյակ երկրներից, ինչպես նաև՝ ԱՄՆ-ից ու Կանադայից:
Իր ելույթում Զատուլինը սատարել է Արցախի ժողովրդի արդար պահանջները և ընդգծել է, որ Ռուսաստանը թույլ չի տա կոնֆլիկտի անարդար լուծում: