«Մեզնից կախված ամեն ինչ անելու ենք, որ այդ մարդիկ բանտից ազատ արձակվեն»․ Փաշինյանը՝ գերիների մասին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Բաքվում պահվող հայ գերիների և Լեռնային Ղարաբաղի նախկին ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչների ազատ արձակման հարցը մշտապես գտնվում է Հայաստանի իշխանությունների օրակարգում։ Այս մասին նա խոսել է Դուբլինի Միջազգային և եվրոպական հարցերի ինստիտուտում (IIEA) կայացած հանդիպման ժամանակ։
Վարչապետի խոսքով՝ Բաքվում պահվող հայերի ազատ արձակման հարցի լուծման համար անհրաժեշտ է ամրապնդել տարածաշրջանում հաստատված խաղաղությունը և հաղթահարել թշնամական մթնոլորտը։
«Բանտարկյալների խնդիրը մեր իրողության մեջ կարևոր խնդիրներից է: Բայց այդ խնդիրը լուծելու համար մեզ անհրաժեշտ է ամրապնդել խաղաղությունը: Այլապես այն չի լուծվի: Բանտարկյալների առկայության հանգամանքը թշնամական մթնոլորտի արտացոլումն է: Եթե խորանա թշնամանքը, դա կնշանակի, որ այս հարցը հաստատ 100%-ով չի լուծվի»,- ասել է Փաշինյանը։
Նա ընդգծել է, որ Հայաստանի իշխանությունները դիվանագիտական շփումների ընթացքում շարունակաբար բարձրացնում են Բաքվում պահվող հայերի հարցը և չեն հրաժարվելու նրանց ազատ արձակմանն ուղղված ջանքերից։
«Իմիջիայլոց, այն մեր օրակարգում է, միշտ եղել է և այսօր էլ է մեր օրակարգում, և դիվանագիտական շփումներում մենք մշտապես այդ հարցը բարձրացնում ենք։ Մենք երբեք չենք մոռանում այդ խնդիրը, և մենք շարունակելու ենք, ինչ խոսք, մեզնից կախված ամեն ինչ անել, որպեսզի այդ մարդիկ բանտից ազատ արձակվեն»,- հայտարարել է վարչապետը։
Անդրադառնալով հայ-ադրբեջանական հարաբերություններին՝ Փաշինյանը նշել է, որ թշնամանքի և զայրույթի խորացումը կարող է հանգեցնել հակամարտության ու պատերազմի շարունակմանը։ Նրա խոսքով՝ Հայաստանի իշխանությունների նպատակն է հաղթահարել թշնամանքը, հակամարտությունն ու հուսահատությունը և ապահովել խաղաղ ապագա։
Վարչապետը նաև խոսել է «Իրական Հայաստան» գաղափարախոսության մասին՝ ընդգծելով, որ այն հիմնված է Հայաստանի պետական և ազգային շահերի վրա։
«Մենք պետք է փոխենք մեր ժողովրդի ճակատագիրը, դրա համար մենք պետք է հաղթահարենք զայրույթը, թշնամանքը և հուսահատությունը, հուսալքումը, պետք է դադարենք հենվել ուրիշների վրա, պետք է հենվենք մեզ վրա»,- ասել է Փաշինյանը։
Նա հավելել է, որ Հայաստանի Հանրապետությունն է այն սուբյեկտը, որն ամբողջությամբ նվիրված է իր քաղաքացիների ազգային շահերի պաշտպանությանը։



